Այսօր ԱԺ նիստի մեկնարկին «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած պատգամավորները դժգոհեցին, որ երեկ Կառավարություն- ԱԺ հարցուպատասխանի ժամանակ իրենց բարձրացրած հարցերին պատասխան չի տրվել։
Իշխանական խմբակցությունից դուրս եկած Թագուհի Թովմասյանը, դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, ասաց, որ նա պետք է միջամտեր, որպեսզի իրենց հարցերին կառավարության անդամները պատասխանեին։
«Կարծում եմ՝ մենք այնպիսի հարցեր էինք բարձրացրել, որոնց պատասխանները կառավարությունը հաստատ ուներ: Սա դիտարկվում է դիտավորյալ քմահաճ վերաբերմունք՝ ուղղված «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորներին», — ասաց պատգամավորը։
Թագուհի Թովմասյանի խոսքով՝ անհրաժեշտ է, որպեսզի «Հրանտ Մաթևոսյան կենտրոն-թանգարանի» կառուցման հարցի առեղծվածը բացահայտվեր։
«Հրանտ Մաթևոսյանի որդուն այստեղ գտնվող շատերը ճանաչում են։ Եթե նա գրում է, որ այդ հարաբերություններում մանանեխի հատիկի չափ տրամաբանություն չկա, ուրեմն՝ հետևությունները պետք է աներ կառավարությունը»,- նկատեց պատգամավորը։
Ի պատասխան ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ չկան անկախ պատգամավորներ, կան որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավորներ:
Հիշեցնենք, որ օրերս «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը հրաժարվեց Կառավարության հետ համագործակցել՝ պատճառաբանելով, որ Կառավարությունը խախտում է պայմանավորվածությունները և, ըստ էության, հրաժարվում է այն ֆինանսական օգնությունից և պարտավորություններից, որոնք ստանձնել էր։
Պատգամավոր Գոռ Գևորգյանը, որի՝ ՄԻՊ-ի վերաբերյալ հնչեցրած հարցը ևս պատասխան չէր ստացել, շեշտեց, որ խորհրդարանը կրավորական դերակատարություն է ունեցել վերջին մի քանի ամիսներին։
«Դրա վառ ապացույցն է անցած օրը կառավարության անդամների կողմից հեգնական վերաբերմունքը պատգամավորների հնչեցրած հարցերին», — վրդովվեց Գևորգյանը։
Արարատ Միրզոյանն էլ արձագանքեց, թե պատգամավորի հորդորի մի մասը համարում է կառուցողական։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






