1920-ական թվականներին սահմանային հարցերում իրենց ոչ ձեռնտու իրավիճակներում ադրբեջանական իշխանությունները տեղերում անընդհատ հրահրել են լարվածություն, առաջացրել Խորհրդային Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումներ ու այդ կերպ առաջացրել խոչընդոտներ սահմանային հանձնաժողովների համար: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Օրինակ՝ Անդրդաշնության կենտրոնական գործադիր կոմիտեի 1929թ. փետրվարի 18-ի որոշմամբ հունիսի 27-ին դարձյալ նախաձեռվել էին Ադրբեջանի ՍԽՀ նախկին Ջաբրայիլի և Հայաստանի ՍԽՀ Զանգեզուրի և Մեղրու գավառների վարչատնտեսական սահմաններ անցկացնող հանձնաժողովի աշխատանքները:
Սկսվելուց անմիջապես հետո այդ աշխատանքներն անընդհատ խոչընդոտում էին Ղուբաթլուի անտառտնտեսության, Զանգելանի շրջգործկոմի ներկայացուցիչները՝ չնայած սահմանված անգամ քրեական պատասխանատվությանը: Նրանց հրահրմամբ սահմանային նշաններ տեղադրող հողաչափի նկատմամբ տեղի ունեցավ հարձակում, կազմակերպվեց դիմադրություն, որի հետևանքով այդ աշխատանքները օգոստոսի 12-ին արգելակվեցին:
Ընդ որում, Ղուբաթլուի անտառտնտեսության ներկայացուցիչ Ազիզ Կուլիևը տեղի մահմեդական բնակչությանը հորդորում էր դիմում-բողոքներ ուղարկել Թիֆլիս, իսկ Զանգելանի շրջգործկոմի ներկայացուցիչ Բասիմ Խալիլովը սպառնալիքներ էր տեղում սահմանագծման աշխատանքներին օժանդակող ոչ քրիստոնյա գյուղացիներին՝ նրանց մեղադրելով «հայերից կաշառք վերցնելու» մեջ:
Ադրբեջանական մարմիններն այն ժամանակ էին դեռ անընդհատ ատելություն, թշնամանք հրահրում քաղաքացիական բնակիչների միջև՝ լայնորեն օգտագործելով էթնիկ սկզբունքը: Պետք է դասեր քաղել ներկայի համար և թույլ չտալ ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներ»,-ասված է գրառման մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







