Ընտրական օրենսգրքի հարցով մենք իշխանությունների հետ որևէ բովանդակային դաշտ չենք մտնելու։ Այսինքն, մեզ համար սկզբունքորեն միևնույն է՝ արտահերթ ընտրությունների կգնանք նոր, թե հին Ընտրական օրենսգրքով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Մեզ համար ցանկացած Ընտրական օրենսգրքով ընտրություններին մասնակցելու հանգամանքը նախընտրելի է այն առումով, որ մենք, որպես կայացած քաղաքական ուժ, որևէ խնդիր չենք տեսնում ցանկացած օրենսգրքով ընտրություններին մասնակցելու առումով։ Մենք ասել ենք, որ երկրում քաղաքական ճգնաժամ է հասունացել։ Այս դեպքում ճգնաժամի հանգուցալուծման ամենակարճ ու սահմանադրական ճանապարհն արտահերթ ըտրություններն են, որոնք անցկացնելու առումով մենք իշխանություններին հնարավորություն ենք տվել։ Բնականաբար, այս գործընթացի հապաղման յուրաքանչյուր օր իր հետևից բազմաթիվ հետևանքներ է բերում»,-ասաց նա՝ հավելելով, որ նախընտրական այս ժամանակահատվածում կարևորագույն օրենսդրական փոփոխությունների ենթարկվող փաստաթղթի քննարկումը նպատակահարմար չէ:
Հարցին, թե այս պահին կուսակցությունը հստակեցրե՞լ է, թե ով է գլխավորելու ցուցակը՝ Իվետա Տոնոյանը պատասխանեց․ «Ես կարող եմ վստահաբար ասել, որ ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






