Պետք է ստեղծվի հանձնաժողով ու ուսումնասիրի մեր կրած պարտության պատճառները։ Այն պետք է ստեղծվի ոչ թե ինչ-որ մարդկանց պատժելու, այլ իրականությունը պարզելու համար։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց գեներալ-գնդապետ, Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը։
Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն էր արել՝ կապված ՍՈւ-30 կործանիչների հետ։ Նա, փաստացի, հաստատել էր Մովսես Հակոբյանի՝ ավելի վաղ արված այն պնդումը, որ ՍՈւ-30 կործանիչները հրթիռներ չեն ունեցել։ Փաշինյանը նաև նշել էր․ «Այո, չենք հասցրել հրթիռները մինչև պատերազմը ձեռք բերել։ Բա ինքնաթիռները դուք ձեռք բերեիք, որ մենք էլ հասցնեինք հրթիռները ձեռք բերել»։
Անդրադառնալով Փաշինյանի նշված հայտարարությանը՝ Մ․ Հակոբյանն ասաց․ «Դա մի երեխայական արտահայտություն է՝ անհեթեթություն։ Մեկ այլ հարց է, թե ինչու այդ կործանիչները չկիրառվեցին մեր առկա սպառազինությամբ։ Մի քանի տեսականեր չկային։ Իսկ մնացած տեսակնե ՞րը, որոնք մեր բանակի ավիացիան կիրառում է, ինչո ՞ւ չկիրառվեց։ Ես հղում եմ անում Դատախազությանը, որպեսզի պարզի հետևյալը․ ՍՈւ-30-ն ունի երեք պարամետր, որոնցից մեկը, իմ ունեցած տեղեկություններով, մեր ձեռք բերածները չեն ունեցել։ Դա կարող էր պատճառ հանդիսանալ, որ ուղղաթիռի անձնակազմը չթռչի։ Չի կարելի այսպիսի ավիացիա ունենալ, կողքին նկարվել ու դրանով ժողովրդին խաբել։ Դրա պատասխանը մի օր պետք է տալ»։
Մովսես Հակոբյանն անդրադարձավ նաև ՀՀ ԶՈւ ԳՇ-ի շուրջ ստեղծված իրավիճակին.
«ԳՇ-ի հայտարությունը հաջորդել է ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի պաշտոնանկությանը։ Հարց է առաջանում՝ ԳՇ պետի առաջին տեղակալը ինչու է ազատվել: Նրան ազատելու որևէ հիմք չկար։ Տիրան Խաչատրյանի ազատումը քաղաքական բնույթ էր կրում։ Այդ դեպքում, եթե բանակը չպետք է զբաղվի քաղաքականությամբ, ուրեմն՝ պետք է նաև քաղաքականությունը չբերել բանակ»,- ասաց Հակոբյանը:
Անդրադառնալով ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատմանը, հղում անելով Զինծառայության մասին օրենքին, նա նշեց՝ հարց է առաջանում, թե որոնք են ազատման հիմքերը։
«Եթե Օնիկ Գասպարյանը հանցագործ է կամ վատ է աշխատում, այդ դեպքում թող ապացուցեն։ Եթե նրա հայտարարությունը քաղաքական է, ապա քրեական գործ թող հարուցեն: Անգամ ծառայողական քննություն չի անցկացվել»,-նշեց նա։
Անդրադառնալով Արտակ Դավթյանի նշանակմանը, նա նշեց, որ որ ԳՇ նորանշանակ պետի թեկնածությունն իր համար այդքան էլ ցանկալի չէր․ «Ես մեկ անգամ էլ եմ ասել, որ տպավորություն է, թե Արտակ Դավթյանին նշանակել են ապացուցելու, որ 44-օրյա պատերազմից հետո բանակը քանդված չէ, և նշանակել են, որ ամբողջությամբ քանդվի»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






