Այսօր Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը:
Նախորդ մի քանի նիստերը տեղի չեն ունեցել տարբեր պատճառներով՝ փաստաբանների զբաղվածության կամ ամբաստանյալների առողջական վիճակի:
Այս նիստում դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ անցնում են դատաքննության փուլին, որին դեմ հանդես եկան մեղադրյալների պաշտպանները: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանն առաջարկեց սպասել Սահմանադրական դատարանի որոշմանը, քանզի չի բացառվում, որ այդ որոշման արդյունքում կարող է գործն ընդհանրապես կարճվել: Դատավորը չհամաձայնեց մեղադրյալների պաշտպանների առարկությանը, որից հետո նրանք լքեցին նիստերի դահլիճը:
Քանի որ առանց պաշտպանական կողմի ներկայության դատը չէր կարող շարունակվել, ուստի դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, որի ժամանակ կքննվի նաև մեղադրյալների փաստաբանական խմբի այսօր դրսևորած պահվածքը։
Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որոնք մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, նաև՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, որը մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







