Եթե որոշվի, որ 300․1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրությանը, այդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվելու է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։
Հիշեցնենք, որ այսօր Սահմանադրական դատարանը քննության էր առել Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը։ Նշենք, որ նիստում ՍԴ-ն չբավարարեց դատավորների միջնորդությունը՝ կապված Ռոբերտ Քոչարյանի դիմումը բանավոր ընթացակարգով քննելու հետ։
Խոսելով գործի մասին՝ Արամ Վարդևանյանը մի հայտարարություն արեց՝ նշելով, որ երեկ երեկոյան այս իշխանությունների, ինչպես նաև ՍԴ-ում դատավոր հանդիսացող անձի՝ Վահե Գրիգորյանի հետ ուղղակի փոխկապակցված անձ Տիգրան Եգորյանը «մատ է թափ» տվել ՍԴ-ի վրա։
«Նման կերպ դատարանին ճնշելու դեպք ես չեմ տեսել։ ՍԴ-ի վրա մատ թափ տալն ուղղակի զարմանալի է, և, կներեք, նույնիսկ զարհուրելի է։ Տիգրան Եգորյանն էլ է փաստաբան, ես էլ, բայց դուք նման գործողություն իմ կողմից տեսե՞լ եք»,-նշեց Վարդևանյանը։
Ինչ վերաբերում է վերոնշյալ գործը բանավոր քննելու միջնորդությանը, նա նշեց, որ ՍԴ դատավորներ Արևիկ Պետրոյսանի և Հրայր Թովմասյանի միջնորդությունն առավել քան հիմնավոր էր։
«Այն, որ այս գործը ՍԴ-ի մասին օրենքի ընթացակարգով հանդիսանում է բանավոր ընթացակարգով պարտադիր քննության գործ, նորություն չէ։ Այն, որ գործը հանրային հնչեղություն ունի, ոչ ոք կասկած չունի։ Այն, որ բանավոր ընթացակարգը հնարավորություն կտար ավելի մանրամասն, հասանելի դարձնել այս ամբողջ քննարկումները, դա ևս փաստ է։ Ցավում եմ, որ այդպես չեղավ։ Բանավոր ընթացակարգի անցնելու մասով հակափաստարկներ ես չլսեցի»,-ասաց նա։
Հիշեցնենք՝ դեռևս 2019 թվականի մայիսին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը և Հայաստանի երկրորդ նախագահի ներկայացուցիչը Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող ՔՕ 300.1 հոդվածի սահմանադրական կարգը տապալելու մասին դրույթի սահմանադրականության և նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը որոշելու խնդրանքով դիմել էին Սահմանադրական դատարան (ՍԴ):
Նշենք, որ 300․1-ին հոդվածը ենթադրում է․ «Իշխանությունը զավթելը` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, ինչպես նաև Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, կառավարության կամ Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալը` պատժվում են ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով»:
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







