Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը մարտին կանցկացնի երեք հանդիպում:
ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի առաջին տուրում Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի Լիխտենշտեյնի հավաքականի հետ՝ մարտի 25-ին: Հանդիպումը կկայանա Վադուցի «Ռեյնպարկ» ստադիոնում (Լիխտենշտեյն) ՝ Երևանի ժամանակով 23:45-ին: Մարտի 28-ին՝ ժամը 20:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա երկրորդ տուրիՀայաստան-Իսլանդիա հանդիպումը, իսկ մարտի 31-ին՝ ժամը 20:00-ին՝ Հայաստան-Ռումինիա հանդիպումը:
Ֆուտբոլի ֆեդերացիայի կայքից տեղեկանում ենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում հանդես եկող ֆուտբոլիստների ցուցակում ընդգրկված է 31 ֆուտբոլիստ, որոնցից 4-ը նորեկ են:
Առաջին անգամ Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը, «Լոռի ՖԱ» կիսապաշտպան Արամ Քոչարյանը և «Ուրարտուի» 17-ամյա պաշտպան Էրիկ Սիմոնյանը։
Տևական դադարից հետո ազգային հավաքական են հրավիրվել Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը, Պետրոս Ավետիսյանը և Արթուր Միրանյանը։ Վնասվածքի պատճառով հավաքականին չեն միանա թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը և կիսապաշտպան Արշակ Կորյանը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ազգային թիմին կմիանա նաև կոլումբացի ֆուտբոլիստ, Կապանի «Գանձասարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վբեյմար Անգուլոն:
Հայաստանի ազգային հավաքականը կսկսի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին մարտի 22-ից՝ Շվեյցարիայի Սեն Գալեն քաղաքում: Մեր թիմը Հայաստան կվերադառնա Լիխտենշտեյնի հավաքականի հետ հանդիպման հաջորդ օրը՝ մարտի 26-ին և կշարունակի մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







