ԱԺ «Իմ քայլը» խմբակցության այս նախագիծը հերթական ոտնձգությունն է դատական իշխանության նկատմամբ: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Դատական օրենսգրքի և մյուս օրենսգրքերի փոփոխությունների նախագծերի փաթեթին:
«ԲԴԽ-ին՝ որպես դատավորների ու դատարանների անկախությունը երաշխավորող մարմնի, տրվում է ինքնուրույն վարույթ հարուցելու իրավասություն՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցում։ Սա դատարաններն ու դատավորներին մի քանիսի ցանկությունները կատարողը դարձնելու փորձ է: Նիկոլ Փաշինյանն ապօրինություններով փորձում է իր սեփական ցանկությունը հաստատել: Անկախ ամեն ինչից, բոլոր գործողությունների համար պատասխան են տալու: Բոլորը դատվելու են և պատասխանատվություն են կրելու իրենց կանխամտածված, դիտավորյալ կատարած բոլոր այն գործողությունների համար, որոնք թուլացրել են պետությունը և որոնց հետևանքով շարունակում է թուլանալ մեր ազգային դիմադրողականությունը։ Այս մարդու ոչ մի խոսքին պետք չէ հավատալ»,-ասաց Արծվիկ Մինասյանը:
Նա շեշտեց, որ այս իշխանությունը փորձում է դատարաններին ու դատավորներին դարձնել իր խամաճիկը։
«Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության և այս քաղաքական իշխանության ձգտումն է: Երկիրը կանգնած է դեմոգրաֆիական, ինչպես նաև սեցիալ-տնտեսական աղետի առաջ, իսկ երկրի թիվ մեկ ամբիոնում քննարկվում է այսպիսի հակասահմանադրական, հակաիրավական նախաձեռնություն։ Սրան վերջ տալու համար պետք է հենց հիմա կանխել այս ամեն»,- հավելեց նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






