ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուջարիկը լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձել է Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման մասին տեղեկությանը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք հունիսի 20-ին նախատեսվող արտահերթ ընտրությունները կօգնե՞ն լիցքաթափել իրավիճակը երկրում, և արդյո՞ք ՄԱԿ-ը պատրաստվում է դիտորդական առաքելություն ուղարկել ընտրությունների ժամանակ՝ Դյուջարիկն ասել է.
«Ես տեղյակ չեմ՝ արդյոք մենք ստացե՞լ ենք նման խնդրանք, թե՞ ոչ: Մենք դիտորդներ չենք ուղարկում, սակայն իհարկե, աջակցում ենք անդամ պետություններին, եթե նման խնդրանքով մեզ դիմեն իշխանությունները:
Ես չունեմ որևէ մեկնաբանություն՝ ընտրությունների անցկացման քաղաքական որոշման վերաբերյալ: Մենք միշտ կողմնակից ենք ընտրություններին, որտեղ մարդիկ կարող են ազատ արտահայտվել իրենց ապագայի մասին»,- ասել է ՄԱԿ-ի խոսնակը:
Նա նաև հավելել է, որ եթե նման խնդրանք ստացվի ՄԱԿ-ի անդամ որևէ երկրից, ապա այն անպայման կդիտարկվի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






