Իշխանությունները չեն բացառում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանը «բարձր» գնահատեց գալիք ընտրություններում իշխող դաշինքի շանսերը:
Նա նաև ասաց, որ ռազմական դրությունը կվերացվի մինչ ընտրությունները, բայց դժվարացավ նշել կոնկրետ ամսաթիվը:
Ի դեպ, կորոնավիրուսային պայմաններում նախընտրական քարոզրշավի մասին Սիմոնյանն ասաց, որ իսկապես կա վտանգ այն անցկացնելու հետ կապված:
«Այո, կա նման խնդիր, բայց գոյություն ունեն առաջնահերթություններ և հարցեր, որոնք շատ ավելի կարևոր են ձեր նշած խնդրից: Մենք պետք է ընտրություն կատարենք, թե իրավիճակից ի՞նչ լուծում գտնենք: Կարծում եմ, որ ընտրությունները, այնուամենայնիվ, անհրաժեշտ են»,- ասաց Սիմոնյանը:
ԱԺ փոխնախագահը հիշեցրեց, որ նախորդ տարի Արցախում տեղի ունեցան ընտրություններ կորոնավիրուսի ամենաթեժ ժամանակահատվածում, և ի հեճուկս տարբեր գնահատականների՝ ազդեցություն չեղավ:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը, այն է՝ 2021 թվականի հունիսի 20-ը: Այս մասին նա հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից և Էդմոն Մարուքյանի հետ հեռախոսազրույցից հետո:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






