Դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը խորհրդարանն արտահերթ նիստում ընդունեց առաջին ընթերցմամբ։
Իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն անդրադարձավ փաթեթի կարգավորումների ընդունումից հետո դատավորների կողմից գրավը չկիրառելուն վերաբերող մտահոգություններին:
«Եթե դատավորը համոզված է, որ գրավը խափանման այն միջոցն է, որը թույլ է տալու հասնել արդարադատության, ապա պետք է կիրառի այն: Սա մեր երկիրն է, մեր արդարադատության համակարգը եւ, այո՛, այդ համակարգը պետք է լինի անկախ, արդյունավետ ու չենթարկվի ոչ գործադրին, ոչ օրենսդրին եւ ոչ էլ դրսի որեւէ ուժի»,-ընդգծեց Վարդանյանը:
Նախագիծը ներկայացնելիս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ առաջարկվում է ԲԴԽ-ին այսուհետ օժտել դատարանների բնականոն գործունեություն ապահովելու լիազորություն նախատեսելով, որ վերջինիս իրականացման ուղղությամբ ԲԴԽ-ն իրավունք ունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր:
Այս լիազորության անհրաժեշտությունն այն է, որ ԲԴԽ-ն իր լիազորությունների իրականացման ընթացքում, որոնք կապված են, օրինակ, դատարանների ծանրաբեռնվածության, աշխատանքների արդյունավետ կազմակերպման և այլ հարցերի հետ, երբեմն կարիք է ունենում հրատապ կարգավորում տալ առանձին հարցերի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






