«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո երեկ հայտարարվեց, որ հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ ընտրություններ են սպասվում։ Գործող օրենսդրության, մասնավորապես, Ընտրական օրենսգրքի համաձայն, ԱԺ արտահերթ ընտրություններն անցկացվում են խորհրդարանն արձակվելուց ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 45 օր հետո: Իսկ խորհրդարանն արձակվում է վարչապետի հրաժարականից եւ երկու շաբաթվա ընթացքում նոր վարչապետ չընտրվելուց հետո։ Սա նշանակում է, որ եթե ամեն ինչ գնա իր հունով, ապա Նիկոլ Փաշինյանն ապրիլի 22-27-ն ընկած ժամանակահատվածում պետք է հրաժարական տա։ Ի դեպ, 2018-ի ապրիլի 23-ին հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի բենզինի շուկայում ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում։ Բենզինի ներկրմամբ եւ վաճառքով զբաղվող երեք ընկերություն բենզինը վաճառում է նույն գնով, իսկ շուկայում հայտնված նոր խաղացողը՝ բոլորովին տարբեր գնով։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ շուկայում նորահայտ «Ռան Օիլ» ընկերության սահմանած գինը վերջին օրերին խնդիրներ է առաջացրել բենզինի վաճառքով զբաղվող մյուս ընկերությունների համար։ Պարզվում է, որ իշխանական գործարար Խաչատուր Սուքիասյանի կողմից վերջերս գնված այս ընկերությունը «Ռեգուլյար» տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառում է 390 դրամով, իսկ մյուս ընկերությունները՝ 420-430 դրամով»։
«Ժամանակ» թերթը գրում է. «ԲՀԿ-ից հերթական անգամ դուրս եկած ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքում, և քրեական պատիժ սահմանել պաշտոնատար անձի կողմից հանրային հետաքրքրություն ներկայացնող կամ ազգային անվտանգությանն առնչվող հարցերով կեղծ կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հրապարակայնորեն հայտնելու համար: Պետրոսյանն առաջարկում է դրա համար նախատեսել պատիժ մեկ միլիոն դրամ տուգանքից մինչև մեկ տարի ազատազրկում: Պետրոսյանի ակնարկը վերաբերում է պատերազմական շրջանում հասարակությանը ներկայացված ոչ ճշգրիտ տեղեկատվությանը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտահերթ ընտրությունների մասին Փաշինյանի որոշումը գզվռտոց է գցել «Իմ քայլում»․ սորոսական թևի պատգամավորները, որպես իշխանության փայատերեր, Նիկոլ Փաշինյանից պահանջում են ընտրությունների գնալ նոր Ընտրական օրենսգրքով, որով կփոխվի ընտրական մոդելը, և ռեյտինգայինի փոխարեն կհաստատվի համամասնական ընտրակարգ։ Նրանք հույս ունեն, որ իրենք կկարողանան ցուցակի առաջնային հորիզոնականներում տեղ զբաղեցնել և մտնել խորհրդարան։ Իսկ ռեյտինգայինի դեպքում իրենց շանսերը զրոյական են, հատկապես այն պատճառով, որ սորոսականների նկատմամբ հանրային նեգատիվ վերաբերմունք կա»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







