Մարտի 16-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահներ Ադամ Շիֆը, Գուս Բիլիրակիսը, Ֆրենկ Փալոնեն, Դեյվիդ Վալադաոն և Ջեքի Սփեյերը բանաձև են ներկայացրել, որով կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Բանաձեւին աջակցել է Ներկայացուցիչների պալատի 31 անդամ:
Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), բանաձևում նշվում է, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, որը ստորագրել են Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը, կողմերը պարտավորվել են ազատ արձակել բոլոր բանտարկյալներին, և չնայած Հայաստանը լիովին կատարել է իր պարտավորությունները, Ադրբեջանը կեղծում է ռազմագերիների կարգավիճակը՝ փորձելով արդարացնել նրանց գերության մեջ պահելու իր ցանկությունը:
Բանաձևի վերջին մասում ասվում է. «Ներկայացուցիչների պալատը Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և կալանավորված այլ անձանց:
Ներկայացուցիչների պալատը նաև կոչ է անում ԱՄՆ Պետդեպարտամենտին աշխատել Ադրբեջանի հետ բոլոր մակարդակներում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և պարզաբանել, թե որքան կարևոր է հավատարիմ մնալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված պարտավորությունների կատարմանը և միջազգային իրավունքին»:
Կոնգրեսական Ադամ Շիֆն անընդունելի է համարում այն փաստը, որ այսօր՝ պատերազմի ավարտից ավելի քան 100 օր անց, Ադրբեջանում դեռ կան հարյուրավոր ռազմագերիներ և այլ ձերբակալվածներ: «Ադրբեջանը մեղավոր է վերջին պատերազմում իր կատարած սարսափելի վայրագությունների համար, և դա էլ ավելի է խորացնում նրա խնդիրը», — ասել է Շիֆը՝ շեշտելով, որ Միացյալ Նահանգները պետք է ապահովի հայ գերիների վերադարձը բոլոր դիվանագիտական ուղիներով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






