ԳԴ-ն ու ՀՔԾ-ն մշտապես հավաստիացնում էին, որ մարտի 1-ի գործի բացահայտմանը խանգարում են մի քանի հետախուզվող մարդիկ։ Իսկ այդ մարդիկ արտագաղթել էին ու հայտարարում էին, որ իրենք քաղաքական հետապնդման են ենթարկվել։
Այդ պաշտոնյաների մեջ էր նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։ Այս մասին երեքշաբթի կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, նախկին իմքայլական Թագուհի Թովմասյանը։
Նա լրագրողներին ներկայացրեց Ինտերպոլի մի փաստաթուղթ, որն ուղղված է ՀՀ ինտերպոլի ազգային բյուրոյին։ Ըստ փաստաթղթի՝ ինտերպոլը Կոստանյանի հետախուզումը համարել է կանոնադրությանն անհամապատասխան՝ մեջբերելով կանոնադրության 3-րդ կետը։ Ստացվում է, որ կառույցը Կոստանյանի հետախուզումը համարում է քաղաքական։
Ըստ փաստաթղթի՝ դեռևս 2020-ի ապրիլի 10-ին միջազգային քրեական ոստիկանությունը մերժել է ՀՀ իրավապահներին հետախուզում հայտարարել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հանդեպ` որպես Մարտի 1-ի գործով մեղադրյալ։
Ըստ փաստաթղթի՝ մերժել են նաև մեր երկրի հետ համագործակցությունը այս դեպքի առնչությամբ, և Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը կոչ է արել ՀՀ իրավապահներին` չօգտագործել Ինտերպոլի խողովակները և չպահանջել Կոստանյանի հետախուզումը։
Թովմասյանի ներկայացրած երկրորդ փաստաթղթի համաձայն՝ Ինտերպոլը դիմել է աշխարհում իր բոլոր ստորաբաժանումներին և հանձնարարել բազայից հանել Կոստանյանի գործը։ Ինտերպոլն, ըստ պատգամավորի, հաստատել է, որ ՀՀ ԳԴ-ն ու ՀՔԾ-ն անհիմն գործ են հարուցել։
«Սա շառաչուն ապտակ է մեր իրավապահ համակարգին, մեր պետությանը, սա մեր ամոթն է»,- ասաց Թովմասյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






