«Փաստ» թերթը գրում է․ «Այս օրերին իշխանությունները շատ լուրջ քայլեր են իրականացնում սեփական թիմում այս հարցի հետ կապված հստակեցումներ մտցնելու համար (ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, փաշինյանական թիմի ներսում զգալի թիվ են կազմում նրանք, որոնք դեմ են արտահերթ ընտրություններին)։ Մասնավորաբար, մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջին երկու օրերին Նիկոլ Փաշինյանն ու, նրա հանձնարարությամբ, մի քանի «կարկառուն» ՔՊ-ականներ հանդիպումներ են անցկացնում թե՛ կուսակցության վերնախավի, թե՛ մարզպետների, թե՛ Երևան քաղաքի վարչական շրջանների ղեկավարների հետ, որպեսզի հասկանան, թե տեղերում ինչ վարկանիշ ունի իշխանությունը, ավելի կոնկրետ՝ Փաշինյանը»:
«Հրապարակ» թերթը գրում է. ««Իմ քայլից» հեռացած պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին այսօր հրավիրել է Ազգային ժողով։ «Նիստերի դահլիճի հարեւանությամբ գտնվող սրահում հանդես եմ գալու ուշագրավ փաստաթղթի հրապարակման վերաբերյալ բրիֆինգով»,- երեկ հայտարարություն էր տարածել պատգամավորը։ Թովմասյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, նրա շրջապատից տեղեկացանք, որ խոսքը միջազգային կառույցներից ստացված մի փաստաթղթի մասին է, որը, իր կարծիքով, սենսացիոն բովանդակություն ունի եւ ապտակ է լինելու Հայաստանի Հանրապետությանն ու գործող իշխանություններին։ Ի դեպ, մեր տեղեկություններով, իրավապահները փորձում են գործեր հարուցել Թովմասյանի եւ նրա մերձավորների նկատմամբ` հարկերից խուսափելու կամ անօրինական ձեռնարկատիրությանն առնչվող հոդվածներով»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կիրակի օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ առավոտյան եղել է Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում: Վարչապետը եղել է Հովանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ եկեղեցու բակում օհանավանցիները մոտեցել են վարչապետին եւ իր տիկնոջը, տարբեր հարցեր հնչեցրել, նույնիսկ տուն են հրավիրել: Ականատեսների վկայությամբ՝ վարչապետը երկար ժամանակ զրուցել է մարդկանց հետ, բարձրաձայնված հարցերին պատասխանել ու հեռացել: Կիրակի օրը՝ ցերեկը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների եւ ՀՀ վարչապետի միջեւ տեղի ունեցած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը պատմել է Օհանավանի ջերմ ընդունելության մասին: Ըստ մեր տեղեկությունների՝ վարչապետը թիմակիցներին ասել է, թե ինքը մարզեր կատարած այցի ժամանակ ջերմ ընդունելության է արժանանում, տեսնում է, որ խնդիր չունեն»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպումն ուշանում է։ ԲՀԿ առաջնորդը, որոշ տեղեկություններով, սպասում է Փաշինյանի պատասխանին, նրան ասել է՝ հանդիպում կլինի մի պայմանով, որ հետո հայտարարվի Փաշինյանի հրաժարականի մասին եւ ընտրությունների կոնկրետ օրը։ Թեեւ միջնորդավորված բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել, որ Փաշինյանի հրաժարականից հետո ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրելու, եւ այդ մասին ԲՀԿ ղեկավարը պարտավորվել է հայտարարությամբ հանդես գալ, բայց Փաշինյանը դեռ ծանրութեթեւ է անում՝ գնա՞լ ընտրությունների, թե՞ ոչ։ Չի բացառվում, որ ձգի եւ կրկին հետաձգի։ Ի դեպ, իմքայլական պատգամավորների հետ կիրակի օրը ունեցած հանդիպման ժամանակ նա ասել է՝ պատրաստվում ենք ընտրության, բայց ժամկետների մասին խուսափել է խոսելուց։ Թեեւ իշխանական կուլիսներում արդեն օր է նշվում՝ հունիսի առաջին շաբաթը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում գործունեություն ծավալող շատ դատավորների մոտ դժգոհությունների ալիք է բարձրացել, ինչը պայմանավորված է ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի փաստացի անգործությամբ։ Խնդիրն այն է, որ իշխանությունը թիրախավորել է դատավորներին իրենց ցանկալի դատավճիռները չկայացնելու համար, իսկ ԲԴԽ-ն որեւէ ձեւով չի արձագանքում այն դեպքում, երբ այդ կառույցի գործառույթներից մեկն է դատավորներին ցանկացած միջամտությունից, այդ թվում՝ հանրային ճնշումից զերծ պահելը: Նշված պահանջն այս պահին չի իրագործվում, քանի որ ԲԴԽ գիտնական-անդամները չեն ընդդիմանում իրենց ընտրած իշխանությանը, համարում են, որ նորմալ է, երբ քաղաքական իշխանությունը հրահանգներ է տալիս դատավորներին ամենատարբեր ձեւերով: Ու ստացվում է, որ դատավորները մնացել են միայնակ իրենց անկախության ճանապարհին»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







