Մարտի 11-ին և 12-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից:
«Քննարկվել են 2020թ.նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման գործնական քայլերը: Գոհունակությամբ արձանագրվել է, որ հրադադարի ռեժիմն անշեղորեն պահպանվում է, իսկ տարածաշրջանում իրավիճակը, ընդհանուր առմամբ, մնում է կայուն և հանգիստ: Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը բարձր են գնահատել տվել շփման գծում և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի արդյունավետ գործողությունները:
Անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը վերաբերող հարցերին: Այս համատեքստում դրական է գնահատվել երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ իրականացվող աշխատանքային խմբի գործունեությունը: Կարծիքներ են փոխանակվել ռուս-ադրբեջանական և ռուս-հայկական համագործակցության արդիական հարցերի շուրջ»
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






