ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի հիման վրա կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 80% պետական բաժնեմասով «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերությունը 2017թ.-ի մայիսի 12-ին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան և խնդրել է անվավեր ճանաչել «N» ԲԲ ընկերության հետ 2016թ. դեկտեմբերի 5-ին կնքած «փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերն», ինչպես նաև վերջինից բռնագանձել 1.092.593.543 ՀՀ դրամ:
Դատարանը 2018թ.-ի հուլիսի 27-ի վճռով մերժել է ընկերության պահանջը` պատճառաբանելով, որ «փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի» հիմք են հանդիսացել կողմերի միջև կնքված պայմանագրերը, սակայն հայցվորը դատարան չի ներկայացրել վկայակոչած պայմանագրերը և չի ապացուցել պայմանագրային հարաբերությունների մեջ գտնվելու հանգամանքը:
Բացի այդ, պարզվել է նաև, որ վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում չի նշել այն վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը, ինչպես նաև ներկայացրել է պետական տուրքի վճարումը հետաձգելու մասին միջնորդություն, սակայն չի ներկայացրել գույքային դրության վերաբերյալ ապացույցներ:
Այսինքն՝ «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության պատասխանատու պաշտոնատար անձինք վկայակոչված քաղաքացիական գործի շրջանակներում, օժտված լինելով դատարանի կողմից բաշխված բեռի ապացուցման պարտականությամբ, 2017-2018թթ. դատարան չեն ներկայացրել «փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի» հիմք հանդիսացող պայմանագիրը, ինչպես նաև չեն շտկել վճռաբեկ դատարանի կողմից արձանագրված թերությունները:
Դրա հետևանքով պետական բաժնեմասով ընկերությունը ոչ միայն զրկվել է 1.092.593.543 ՀՀ դրամ դեբիտորական պարտքը ստանալու հնարավորությունից, այլև ծանրաբեռնվել է ևս 56.000.000 ՀՀ դրամ պետական տուրք վճարելու պարտավորությամբ:
Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







