Ընդդիմադիր «Հայրենիքի փրկության» շարժումը պատրաստակամություն հայտնեց մասնակցել ՀՀ նախագահի առաջարկած խորհրդակցություններին, սակայն շեշտեց, որ բանակցությունները պետք է ընթանան ընդդիմության առաջարկած օրակարգի շուրջ: Ի դեպ, այս մասին ասված է շարժման խորհրդի հայտարարության մեջ, որն ընթերցեց նրա համակարգող Իշխան Սաղաթելյանը:
Հայտարարության մեջ նշվում է, որ երկիրը գտնվում է ազգային աղետի եզրին, իսկ համակարգային ճգնաժամը խորանում է: Նշվում է, որ ՀՓՇ-ն հաստատում է ճգնաժամը հաղթահարելու իր ճանապարհային քարտեզը՝ վարչապետի հրաժարականի, ժամանակավոր կառավարության ձևավորման և դրան հաջորդող արտահերթ ընտրությունների անցկացման տեսքով:
«Գիտակցելով խորացող ճգնաժամը հաղթահարելու հրատապ անհրաժեշտությունը՝ մենք հայտարարում ենք պատրաստակամություն ՝ անցկացնելու քաղաքական խորհրդակցություններ սահմանված ձևաչափով և մեր առաջարկած օրակարգով»,- ասված է հայտարարության մեջ:
Իշխան Սաղաթելյանը նաև շեշտեց, որ հանդիպումները պետք է անցկացվեն հրապարակավ, Հայաստանի խորհրդարանում և ուղիղ հեռարձակմամբ:
Հիշեցնենք, որ մարտի 10-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և ընդդիմադիր ՀՓՇ-ի առաջնորդներին հրավիրել էր հանդիպման իր նստավայրում:
Նշենք, որ մինչ այս, հանդիպմանը մասնակցելու պատրաստակություն էին հայտնել ՀՀ վարչապետն ու ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






