Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, հերքելով տարածված այն տեղեկությունը, թե իբր Ստեփանակերտից 2 մարմնավաճառ, ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների ուղեկցությամբ այցելել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաք և ադրբեջանցի զինծառայողների հետ զբաղվել մարմնավաճառությամբ:
«Սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունն առ այն, թե իբր Ստեփանակերտից 2 մարմնավաճառ, ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների ուղեկցությամբ այցելել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաք և ադրբեջանցի զինծառայողների հետ զբաղվել մարմնավաճառությամբ, բացարձակ սուտ է և իրականության հետ որևէ աղերս չունի:
Դեպքի բացահայտման առթիվ իրականացվել է համապատասխան հետաքննություն, համագործակցելով նաև Արցախում խաղաղապահ առաքելությամբ ռուսական զորակազմի հետ:
Վստահեցնում ենք, որ սոցցանցերի հայկական տիրույթում շրջանառվող լուրերը հերյուրանք են և ապատեղեկատվություն:
Սիրելի հայրենակիցներ, հորդորում ենք չտրվել ապատեղեկատվություն և զգացմունքային թեմաներ պարունակող գրառումներին և չտարածել այն»,- գրել է նա:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







