Օնիկ Գասպարյանին հանելու ամենավճռական քայլն արեց ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ ՀՀ նախագահը, որովհետեւ իր իրավասության տակ էր այդ հրամանագիրն ուղարկել ՍԴ, բայց չուղարկեց: Հետագա բոլոր գործողությունների համար պատասխանատու է նախագահը։
Այս մասին Բաղրամյան պողոտայում մեկնարկած մարտի 10-ի հանրահավաքի ժամանակ ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ լրագրողների հետ զրույցում:
Մանուկյանի համար հասկանալի չէ այն, թե ինչո՞ւ նախագահը չդիմեց ՍԴ, քանի որ առաջին անգամ, երբ փաստաթուղթն ուղարկել էր հետ, նշել էր որպես սահմանադրությանը հակասող, հիմա ի՞նչն է փոխվել, որ անմիջապես չի դիմել ՍԴ։ Ո՞ւմ է պետք մի քանի ամիս անց ՍԴ որևէ որոշում, եթե արդեն կարող ենք Սյունիքը կորցրած լինել։
Մանուկյանը կարծում է, որ այսպիսով՝ ինչպես չունենք վարչապետ, այնպես էլ նախագահ չունենք։ Սակայն այս ամենն այնքան անկարևոր է հիմա, քանի որ հենց Նիկոլ Փաշինյանն է այն ձողը, որով մենք իջել ենք այս անդունդը։
«Եթե Նիկոլ Փաշինյանը մնա, այսինքն՝ ուժը հերիքի, ամբողջ բանակը շարունակելու է ջարդել։ Կհաջողվի՞ իրեն դա, թե ոչ՝ կախված է կորպուսի հրամանատարներից ու այն մարդուց, որը կփոխարինի Գլխավոր շտաբի պետին»։
Լրագրողների հարցին, թե ինքն ակնկալո՞ւմ էր, որ բանակը զորքեր դուրս կբերի փողոց և կհեռացնի Նիկոլ Փաշինյանին, արդյոք դա արկածախնդրություն չէ՞ր լինի, նա պատասխանեց.
«Ես թույլ չէի տա, որ այս մարդը վարչապետ լինի, մանավանդ, որ բանակի ղեկավար լինեի, բայց դա իսկապես արկածախնդրության պես բան կլիներ․․․ Ես գտնում էի, որ այդ քայլը պետք էր անել դեռ պատերազմի ժամանակ։ Եթե ես լինեի, կձերբակալեի Նիկոլ Փաշինյանին»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






