«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․
«Սիրելի հայրենակիցներ,
արժանապատիվ քաղաքացիները շարունակում են փակ պահել Ազգային ժողովի մուտքերը՝ թույլ չտալով Հայաստանի շահերին հակասող խորհրդարանին շարունակել գործունեությունը։
Պարզվեց, որ բացի պատգամավորների համար նախատեսված մուտքերից, Ազգային ժողովն ունի նաև տնտեսական մուտք, որը նախատեսված է տարատեսակ տնտեսական ապրանքներ՝ կարտոֆիլ, սոխ, այլ մթերքներ, տարբեր իրեր Ազգային ժողով տեղափոխելու համար։
Հարգելի պատգամավորներ, ընտրությունը ձերն է՝ կամ դուք ընտրելու եք արժանապատվությունը և կարողանալու եք ազատ շրջել մեր հայրենիքում, կամ ընտրելու եք Նիկոլին և ստիպված եք լինելու աշխատասենյակ հասնել թունելներով և տնտեսական մուտքերով ու քայլել ամոթի միջանցքներով՝ արժանանալով մեր քաղաքացիների անկեղծ գնահատականներին։
Ժամանակն է ընտրելու՝ կա՛մ Նիկոլ, կա՛մ Հայաստան»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ 10 օրից ավել է՝ «Հայրենիքի փրկության շարժման» անդամները փակ են պահում Բաղրամյան պողոտան՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Իսկ երեկ Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կոչ արեց շրջափակել ԱԺ մուտքերը, որպեսզի պատգամավորները չկարողանան մտնել շենք։ Սակայն, այսօր ԱԺ պատգամավորներին հաջողվել էր ներս մտնել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






