Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի եւ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի միջեւ բացառապես բարեկամական հարաբերություններ են՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Հայկ Մարությանը եւ Սասուն Միքայելյանը վերջին անգամ հանդիպել են այս տարվա փետրվարի 12-ին «Երկրապահի» վարչությունում, որտեղ ջերմ ու անմիջական մթնոլորտում քննարկվել են երկու կառույցների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Ցավով ենք արձանագրում, որ «Իրավունք» թերթի տպած, որևէ փաստական հիմք չունեցող էժան բամբասանքը որպես «մամուլի տեսություն» արտատպել են մի շարք հեղինակավոր լրատվական կայքեր: Խնդրում ենք այդ լրատվամիջոցներին՝ հանուն լրագրողական բարեխղճության և համաձայն «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի, հրապարակել սույն հերքումը»,- գրել է Կարապետյանը:
Հիշեցնենք, որ ըստ «Իրավունք» թերթի այսօրվա հոդվածի՝ Սասուն Միքայելյանը մարտիմեկյան հանրահավաքից հետո զայրացած գնացել է Երևանի քաղաքապետարան և վիճել Մարությանի հետ՝ պահանջելով բացատրել, թե ինչու նա հանրահավաքի ժամանակ բեմում չի եղել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






