ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկում է ՀՀ հաշվեքննիչ պալատի թեկնածուի ընտրության հարցը։
«Իմ քայլը» խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար առաջադրել է Գեղամ Հովեյանի թեկնածությունը: Վերջինիս թեկնածությունը խորհրդարանի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Կարեն Գրիգորյանը: Պատգամավորը տեղեկացրեց, որ աշխատանքային գործունեության ընթացքում Հովեյանը Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություններում, ինչպես նաև Վերահսկիչ և Հաշվեքննիչ պալատներում զբաղեցրել է տարբեր բարձր պաշտոններ:
Հաշվեքննիչ պալատի թեկնածուն էլ ավելացրեց, որ ինքը մասնագիտացել է տեղական ինքնակառավարման մարմինների հաշվեքննության ոլորտում: Նա նկատեց, որ համայնքները բազմաթիվ խնդիրներ ունեն ֆինանսների կառավարման առումով։ Այս հարցում Գեղամ Հովեյանը բարեփոխումների անհրաժեշտություն է տեսնում։
«Այդ խնդիրը կարևորում եմ հատկապես այս՝ խոշորացված համայնքների ձևավորման փուլում և կարծում եմ, որ մարզերում նոր տեսակի հաշվեքննության իրականացման պահանջ կա, ինչը թույլ կտա ֆինանսական հատկացումները նպատակային օգտագործել»,- ընդգծեց թեկնածուն և նշեց, որ ընտրվելու դեպքում Կառավարությանը և ԱԺ-ին առաջարկելու է ավելի շատ ռեսուրս տրամադրել համայնքների հաշվեքննության համար:
Հանձնաժողովը միաձայն հավանություն տվեց Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր տեղի համար Գեղամ Հովեյանի թեկնածությանը: Այն կքննարկվի առաջիկա լիագումար նիստում: Թեկնածուն ընտրվելու է փակ, գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր ձայների 3/5-ով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






