Չորեքշաբթի կայացած ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԼՀԿ-ական պատգամավոր Կարեն Սիմոնյանը հարց ուղղեց ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանին՝ կապված Աբու Դաբիում կայացած IDEX ցուցահանդեսի ժամանակ նախարարության ձախողման հետ: Ի՞նչ արդյունք է տվել ծառայողական քննությունը՝ լոգիստիկ խնդիրները պարզելու համար և նման պատմություններից խուսափելու ի՞նչ ելքեր կան:
Հարցին Հակոբ Արշակյանն այսպես պատասխանեց.
«Տարբեր լոգիստիկ պատճառներով տեղ չհասած էքսպոնատները ռազմարդյունաբերական ցուցահանդեսին ներկայացվողի ընդամենը մի մասն են:
Որակումներ են հնչել, որ ցուցահանդեսի տաղավարը դատարկ է եղել, կարծում եմ՝ այսպիսի որակումներից պետք է խուսափել, որովհետև ցուցահանդեսին մասնակցության բովանդակային մասն ապահովում են թե՚ ընկերություններն իրենց գիտելիքներով, թե՚ այն մասնագետները, որոնք նոր շուկաներ են ման գալիս ու գտնում: Նմանատիպ բազմաթիվ պայմանավորվածություններ կան»:
Արշակյանը հորդորում է զգույշ լինել մասնագիտական գնահատականներ տալիս, քանի որ 14 ընկերություններ՝ իրենց մասնագետներով, տեղեկատվական բուկլետներով, վիդեոներով, հարյուրավոր այցելուներին ներկայացված գիտելիքներով, դատարկ համարել չի կարելի: Այնտեղ տասնյակ ընկերություններ հենց այդ ֆորմատով էլ հանդես են եկել:
«Մեկ սարքի էքսպոնատի պակասը կարող է ազդեցություն ունենալ ներկայացուցչական մակարդակի վրա, սակայն եկեք զերծ մնանք այդպիսի գնահատականներից»,- ասաց նախարարը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






