Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասված է․
«Հայրենիքի փրկության շարժումը ողջունում է ՀՀ ԶՈՒ բարձրագույն հրամանատարական կազմի հայտարարությունը, դրանում արձանագրված բոլոր հաստատումները և իր զորակցությունն է հայտնում մեր երկրի միակ ու անշահախնդիր երաշխավոր մեր Զինված Ուժերին։
Այլևս ավելորդ ենք համարում կրկնել այս իշխանությունների և վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ազգակործան գործողությունների և դրանց հետեւանքների մասին գնահատականներ տալը։
Փաշինյանը, կառչելով փրփուրներից, այժմ փորձում է մեր ժողովրդին դրդել քաղաքացիական բախումների ու արյունահեղության։
Կո՛չ ենք անում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին չտրվել այս վարչախմբի սադրանքներին, պահպանել զսպվածություն, սառնասրտություն ու համախմբվել մեր երկրի անվտանգության, միասնականության միակ երաշխավոր ՀՀ Զինված Ուժերի և Հայոց Բանակի հրամանատարական բարձրագույն կազմի շուրջ։
Կո՛չ ենք անում մեր Ժողովրդին, Հայրենիքի փրկության համար մտահոգ բոլոր քաղաքացիներին այսօր՝ ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում մեր զորակցությունը հայտնելու մեր Զինված Ուժերին, մեր Հայոց Բանակին ու ավարտին հասցնել հայրենադավ կառավարության ու Փաշինյանի հեռացման գործը»։
Հիշեցնենք, որ Գլխավոր շտաբն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը։ Հավելենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել էր նաև ԳՇ պետի առաջին տեղակալ Սամվել Ասատրյանին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






