Հայրենիքի փրկության շարժման Facebook-յան էջից տեղեկանում ենք, որ հունվարի 26-ին տեղի է ունեցել խորհրդի նիստ, որը վարել է Վազգեն Մանուկյանը։ Քննարկվել են Շարժման անցնող շրջանի գործունեությունը, քայլերի արդյունավետությունը, կարևորվել է Շարժման համահայկական բնույթը, մարզերում հանդիպումներն առավել ինտենսիվ դարձնելու անհրաժեշտությունը:
Քննարկվել են փետրվարի 18-ին կազմակերպվելիք համապետական հանրահավաքի կազմակերպչական հարցերը։
«Հայրենիքի փրկության շարժումը անհրաժեշտ է համարում.
1. Հրաժարականի կամ պաշտոնանկության միջոցով հասնել պարտության խորհրդանիշ Ն. Փաշինյանի հեռացմանը վարչապետի պաշտոնից:
2. Ձևավորել Ազգային համաձայնության անցումային կառավարություն, որի առաջնահերթ խնդիրները պետք է լինեն.
ա) կայունացնել վիճակը, լուծել երկրի առջև ծառացած հումանիտար, սոցիալ-տնտեսական և հետպատերազմական իրավիճակի հետ կապված ներքին ու արտաքին հրատապ խնդիրները,
բ) անհրաժեշտ պայմաններ ստեղծել վստահելի և թափանցիկ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար:
Երկիրը ճգնաժամից դուրս բերելու և վստահելի ընտրությունների անցկացումը երաշխավորելու առումով սկզբունքային նշանակություն ունի այն, որ անցումային կառավարության վարչապետի թեկնածուն ունենա կառավարման անհրաժեշտ փորձառություն և չառաջադրի իր թեկնածությունը ընտրություններին»,- գրված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Հայրենիքի փրկության շարժումը հանրահավաքներ է կազմակերպում Եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






