Մենք գործ ունենք 82 պատգամավորի հետ, որոնք ոչ մի որոշման մեջ չունեն սեփական կարծիք ու առաջնորդվում են մեկ մարդու կարծիքով։ Մենք որևէ հնարավորություն չենք տեսնում ազդելու այդ մարդկանց որոշումների վրա։
Այս մասին լրագրողներին ասաց ԱԺ ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ պարզաբանելով, թե ինչու է իրենց կուսակցությունը լքել ԱԺ նիստերի դահլիճը, երբ քննվում է Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու հարցը։
Ընդդիմությունն, առնվազն, պետք է որևէ կերպ մասնակից դառնա դատաիրավական բարեփոխումներին, այլ ոչ թե անտեսվի։ Հասկանում ենք, որ փոքրամասնություն ենք, բայց մեր մեջ էլ կան մարդիկ, որոնց կարծիքը հաշվի առնել պետք է»,- ասաց Տարոն Սիմոնյանը։
Ըստ նրա՝ նախկինում եղել է պայմանավորվածություն այն մասին, որ ընդդիմությունն ու իշխանությունը մեկական ԲԴԽ անդամ կառաջադրեն, սակայն, դա չի պահպանվել։
«Ջհանգիրյանի հետ մեզ հետաքրքրող հարցերը քննարկել ենք հանդիպման ժամանակ, ԱԺ դահլիճում մնալու պատճառ չունեինք, եթե խմբակցությունով որոշել ենք չքվեարկել»,- ասաց Սիմոնյանը։
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանին եկան ու հարցեր ուղղեցին վարչապետին, պատգամավորն ասաց, որ իրենք վարչապետին հարց տալու այլ հնարավորություն չունեն։
Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը:
Հիշեցնենք նաև, որ ԲԴԽ խորհրդի անդամի թեկնածու առաջադրված նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն արդեն հանդիպել է «Իմ Քայլը» խմբակցության անդամների հետ։
Տեղեկացնենք, որ Դավիթ Խաչատուրյանն, ըստ մամուլի հրապարակումների, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի եղբայրն է։ Դավիթ Խաչատուրյանը եղել է Բաց հասարակության հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






