Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների մեծամասնությունը եղել և մնում է այն կարծիքի կողմնակից, որ գերիների հետ կապված հարցով անհրաժեշտ է ամենօրյա աշխատանք, և այդ առումով պետք է գտնել ճիշտ ձևաչափը: Այս մասին ԱԺ-ի նիստի ժամանակ նշեց ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Ըստ նրա՝ Ադրբեջանում հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց վերադարձը համարվում է լրջագույն միջազգային իրավական խնդիր:
«Մենք առաջարկել ենք աշխատանքային խմբի ձևավորում: Մեր միջազգային գործընկերներին պետք է ամենօրյա ռեժիմով տեղյակ պահենք խնդիրների մասին»,- ասաց «Իմ Քայլ»-ի պատգամավորը։
Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ կառավարությունն սկսել է իրավական գործընթացներ՝ ատելության մթնոլորտի հետ կապված, որ տարածվում է Ադրբեջանում:
«Այդ իրավական գործընթացների մասին մասնագիտական հարթակներում խոսվում է 10-ից ավելի տարի, և այս կառավարությունն ի վերջո համարձակություն է գտել՝ գնալ այդ գործընթացներին, թեև հասկանում է, թե ինչքան շատ բարդություններ դրանք կարող են առաջացնել»,- կարևորեց նա։
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշիանյանը հայտարարեց, որ գերիների վերադարձի հետ կապված խնդիրը չի լուծվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






