Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես զբաղվում եմ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերով: Այս մասին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԿԳՄՍ նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանը։ Նա խնդրեց իրեն միայն ոլորտային հարցեր տալ։
Թե ինչպես է գնահատում նորանշանակ նախարարը նախկին նախարարի աշխատանքը, Դումանյանը նույնպես խուսափեց պատասխանել, ինչին լրագրողներից մեկը արձագանքեց, թե նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, և նախարարը պետք է կրի քաղաքական պատասխանատվություն։ Հարցին, թե ինչ է մտածում ներկա կառավարությանը տված «դավաճան, հող հանձնող» որակումներին, Դումանյանն ասաց․
«Դուք անընդհատ ինձ ձեր ուզած հարցերն եք տալիս, ոլորտի՛ց հարցրեք»։
Հիշեցնենք, որ Դումանյանը ԿԳՄՍ նախարար նշանակվեց նոյեմբերի 23-ին։ Նա ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանն է, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






