ՀՀ կառավարության նիստի բացման իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց կառավարության կազմի փոփոխությունների մասին։ Նա շնորհակալություն հայտնեց պաշտոնաթող նախարարներին, իսկ նորանշանակներին շնորհավորեց ստանձնած աշխատանքների կապակցությամբ․
«Առաջիկայում նախատեսվում է նաև Էկոնոմիկայի նախարարի փոփոխություն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նա կրկին խոսեց պատերազմով պայմանավորված իրավիճակի մասին․
«Ուզում եմ նորից ասել, որ որպես Հայաստանի վարչապետ, ինձ վրա եմ վերցնում ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը։ Բայց գիտակցում եմ, որ ինձ վրա է ոչ միայն մինչև օրս տեղի ունեցածի, այլև հետագա զարգացումների պատասխանատվությունը»։
Վարչապետը նշեց, որ առաջիկայում Կառավարության ուշադրության կենտրոնում է լինելու Սյունիքի ու Գեղարքունիքի՝ պատերազմից տուժած համայնքների վերականգումը՝ ինչպես Տավուշի մարզում։
«ՀՀ քաղաքացին պետք է վստահ լինի, որ ինքն է իրավիճակի իրական տերը և այդ զգացողության վրա պետք է կառուցի սեփական ապագան։ Մենք պետք է թույլ չտանք, որ ապագայի նկատմամբ հավատը սպառվի»։
Երբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մովսես Առաքելյանը ներկայացրեց արցախահայերի աջակցության երկու միջոցառումները, վարչապետն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ աջակցությունները ոչ թե ընտանիքներին են, այլ անհատներին։
«Բնակարանից զրկված Արցախի քաղաքացիների համար նոր աջակցության միջոցառում կընդունվի։ Այն կլինի ոչ թե ընտանիքների, այլ անհատական աջակցություն։ Ծրագրերի միտումն այնպիսին կլինի, որ Արցախի մեր հայրենակիցները հնարավորինս շուտ վերադառնան Արցախ»,- ասաց Փաշինյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







