Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքը կենտրոնացած է սեպտեմբերի 27-ին սկսված Ադրբեջանի զինված հարձակումների հետևանքների վերաբերյալ զեկույցներ պատրաստելու վրա: Այս մասին ԱԺ-ում 2021թ. պետական բյուջեի նախագծի հանձնաժողովային քննարկման ժամանակ նշել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
Նա ասել է, որ խոսքը վերաբերում է մտադրված թիրախային հարվածներին՝ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ:
«Արցախի դեպքում դա ավելի ակներև է, մտադրությունն է՝ որքան հնարավոր է շատ վնաս հասցնել՝ առաջնահերթ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ»,- ասել է ՀՀ ՄԻՊ-ը՝ ավելացնելով, որ ուշադրության կենտրոնում են պահում նաև Հայաստանի երկու մարզերի բնակավայրերի նկատմամբ զինված հարձակումները:
Խոսքը վերաբերում է Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի գյուղերի նկատմամբ զինված հարձակումներին: Դավիթ Բեկի և Ագարակի դեմ զինված հարձակումների հետևանքով կան վիրավորներ և մեկ զոհ:
Արման Թաթոյանը կարևորել է հարձակումների իրական մտադրությունները հստակ հասկանալը: «Թիրախային զինված հարձակումներ խաղաղ բնակավայրերի նկատմամբ, զինված հարձակումներ կասետային և քիմիական տարրեր պարունակող զանգվածային ոչնչացման արգելված զինատեսակներով․ այստեղ ակնհայտ է մտադրությունը. արգելված զինատեսակներով էլ ավելի մեծ վնաս հասցնել խաղաղ բնակավայրերին»,- ասել է ՀՀ ՄԻՊ-ը՝ ավելացնելով, որ թիրախային հարձակումների հետևանքով խաղաղ բնակչության համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներին ևս վնասներ են հասցվում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







