Սիրիացի հերթական ահաբեկիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջիին նոյեմբերի 1-ին գերեվարել է Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատար, Արցախի հերոս Վլադիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանն՝ իր ընկերների հետ: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Յուսեֆ Էլաաբեդ Էլհաջին անուն-ազգանունով ներկայացած ահաբեկիչը սիրիական Իդլիբ քաղաքից մի մեծ խմբավորման հետ նախ տեղափոխել են Թուրքիա, ապա՝ Բաքու: Ասում է՝ իր հետ եկածների մի մասն արդեն շեհիդ են: Այս թափթփուկի պատմելով՝ ազերիներն ու թուրքերը շատ փող են խոստացել, բայց դեռ կոպեկ չեն վճարել»,-գրել է նա։
Գերեվարված հերթական ահաբեկչի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ «Facebook»-ի իր էջում գրել է. «Ահավասիկ՝ եւս մեկ սիրիացի վարձու ահաբեկիչ՝ գերեվարված Արցախի պաշտպանության բանակի կողմից: Սպասենք նրա առավել մանրամասն ցուցմունքներին»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, զոհվել են 1168 զինծառայողներ և 38 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից կրկին նույն պայմաններով հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից:
Հոկտեմբերի 26-ին արդեն ԱՄՆ ջանքերով հայտարարվեց երրորդ զինադադարի հաստատման մասին, որը, ինչպես պարզվեց, կրկին տապալվեց թշնամական գործողությունների արդյունքում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







