ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու պաշտպանների ներկայացրած միջնորդության քննարկումը հետաձգվեց։ Նրա փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 22-ին, ժամը 16։30-ին։
«Միջնորդության հիմնավորվածության հետ կապված դատարանը որոշակի փաստաթղթեր է պահանջել, ժամանակ են պահանջում, որպեսզի այն ձեռք բերենք ու ներկայացնենք դատարան։ Երբ փաստաթղթերը ներկայացնենք, դատական նիստը կշարունակվի»,- ասաց նա։
Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը գրավի չափը թողել է դատարանի հայեցողությանը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ընթանում էր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու պաշտպանների միջնորդության քննարկումը։
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է սեպտեմբերի 25-ին: Նա մեղադրվում է ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հոդվածով։ Հունիսի 16–ին ՀՀ Ազգային ժողովը փակ քվեարկություն անցկացրեց և համաձայնություն տվեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվի ազատությունից։
Հիշեցնենք նաև, որ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ու 13 կուսակցություններ դիմել էին Գլխավոր դատախազին Ծառուկյանին ազատ արձակելու պահանջով, սակայն Արթուր Դավթյանը մերժել էր առաջարկը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







