ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ հանրապետական Թալսի Գաբբարդը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու պահանջով բանաձև, որում նշվում է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող մարտական գործողություններում Անկարան բացահայտ ռազմական աջակցություն է տրամադրում։ Արցախի դեմ կռվելու համար Թուրքիան ահաբեկիչներ է ուղարկում Ադրբեջան, որոնց կապում են «Ալ-Քաիդայի» և Իսլամական պետության հետ։
«Եվ Թուրքիան այս ամենն անում է այն դեպքում, երբ ՆԱՏՕ–ն կոչ է անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և խնդիրը լուծել բանակցությունների ճանապարհով»,–գրված է ներկայացված բանաձևում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 710 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները։
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայում հոկտեմբերի 9-ին սկսված և ավելի քան 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հայտարարել են 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից հրադադարի հաստատման մասին: Ըստ նախնական համաձայնության՝ հրադադարը հաստատվում է հումանիտար նպատակներով՝ ռազմագերիների և այլ անձանց և զոհվածների մարմինների փոխանակման համար՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և չափանիշներին համապատասխան:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար, որը կրկին խախտվեց թշնամու կողմից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







