ՍԴ նախագահի միակ թեկնածուն ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանն է. ՍԴ աշխատակարգային նիստը կշարունակվի վաղը՝ ժամը 10։30-ին։ Առայժմ քվեարկություն տեղի չի ունեցել։ Այս մասին նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նորընտիր դատավոր Էդգար Շաթիրյանը։
«Ինքնաառաջադրվել է մեկ թեկնածու։ Դատավորներից ևս մեկը առաջադրեց մեկ թեկնածուի, ինչից հետո այդ թեկնածուն ինքնաբացարկ հայտնեց։ Ըստ էության, հիմա թեկնածուն մեկն է։ Օնլայն լրատվամիջոցներին նրանց անունները հայտնի են»- ասաց նա՝ չհերքելով, որ մամուլում շրջանառվող լուրը, որ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի կողմից առաջադրված թեկնածուն Աշոտ Խաչատրյանն է, իսկ ինքնաառաջադրված թեկնածուն՝ Խունդկարյանը։
Շաթիրյանն ասաց, որ ինքնաառաջադրված թեկնածուն ունեցել է ծրագրային ելույթ. «Ինչին հաջորդել է հարցուպատասխանը։ Դատավորների մի մասն արդեն իսկ ուղղեցին իրենց հարցերը թեկնածուին։ Այլ հարցադրումներ ևս կան։ ես նույնպես հարցեր ունեմ։ Կախված իրավիճակից կհասկանամ՝ որոնք հնչեցնել, որոնք՝ ոչ»։
Հարցին՝ ինչո՞ւ իր թեկնածությունը չառաջադրեց՝ Շաթիրյանը պատասխանեց․ «Նպատակահարմար չհամարեցի»։
Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանի նախագահ և փոխնախագահ ընտրելու համար հրավիրված աշխատակարգային նիստը մեկնարկել է սեպտեմբերի 23-ին: ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրությունը տեղի կունենա փակ գաղտնի քվեարկությամբ:
Սեպտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնում ընտրել է Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին և Արթուր Վաղարշյանին :
Երվանդ Խունդկարյանի թեկնածությունն առաջադրել էր Դատավորների ընդհանուր ժողովը, Արթուր Վաղարշյանի թեկնածությունը՝ ՀՀ նախագահը, Էդգար Շաթիրյանինը՝ Կառավարությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







