«Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունները հոկտեմբերի 8-ին Ազատության հրապարակում հրավիրում են համապետական հանրահավաք: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտնեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Նրա խոսքով՝ այս երկու քաղաքական ուժերի հետ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործակցությունը ավելի քան մի քանի ամսվա պատմություն ունի, այն ընթացել է աշխատանքային խմբի ձևաչափով, բազմաթիվ նախաձեռնություններ են կյանքի կոչվել, գնահատականներ են հնչեցվել և գործընթացը թևակոխում է հանրահավաքի կազմակերպչական աշխատանքների փուլ։
«Մենք առիթ ունեցել ենք նշելու, որ նախորդող երկու տարիների ընթացքում հանրության ամենալայն զանգվածների ու շերտերի հույսերը չեն արդարացել, խոստումներն այդպես էլ կյանքի չեն կոչվել, և հանրային օրակարգում կա լայն դժգոհություն։ Հանրության ձայնը լսելի դարձնելու նպատակով երեք քաղաքական ուժերը հրավիրում են հանրահավաք։ Օրակարգի և ելույթների հետ կապված մանրամասներ կհայտնենք առաջիկայում»,- նշեց Տոնոյանը։
Դիտարկմանը, որ ԲՀ խմբակցությունը հանրահավաքը ընդգրկուն դարձնելու համար է համագործակցում նշյալ երկու քաղաքական ուժերի հետ, Տոնոյանը նշեց, որ ԲՀ հանրային մեծ վստահություն ունեցող ուժ է, խորհրդարանական ընտրություններում 100 հազար ընտրողների քվե է ստացել և հանրային վստահության պակասի հետ կապված որևէ մտավախություն ու մտահոգություն չունի։
«Պարզապես կա գործակցություն՝ եռյակի ձևաչափով, և երեք գործընկերներով նպատակահարմար ենք գտել հանդես գալու միասնական ձևաչափով, քանի որ մեր օրակարգը միասնական է»,- նշեց պատգամավորը։
Հիշեցնենք՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական դաշնակցություն», «Հայրենիք» կուսակցությունները, գնահատելով երկրում ստեղծված իրավիճակը, անխուսափելի համարելով նոր որակի և ազգային իշխանության ձևավորման հրամայականը, ս.թ. հոկտեմբերի 8-ին՝ ժ. 18։00-ին, Ազատության հրապարակում հրավիրում են համապետական հանրահավաք»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






