Արցախյան բանակցային գործընթացն այս պահին փակուղում է ՀՀ քաղաքական իշխանության առաջին դեմքի կողմից։ Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Արցախի հերոս, «Արդարություն» կուսակցության ղեկավար Վիտալի Բալասանյանը։
Դիտարկմանը, որ Երևանում դիվանագիտական կորպուսներն այլ բան են ասում, այն է՝ բանակցությունները շարունակվում են, Բալասանյանը նշեց․ «Ասում են՝ ասելու համար. չկա այդպիսի հասկացողություն»։
Ինչ վերաբերում է պատերազմի վտանգի առկայությանը, նա նկատեց, որ աշխարհում Երրորդ համաշխարհային պատերազմը վաղուց է սկսվել, և մեր տարածաշրջանում պայթյունավտանգ իրավիճակ է:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե Սերժ Սարգսյանի՝ ապրիլյան պատերազմի ժամանակ հետախուզությունը թերացել է հայտարարության առնչությամբ ի՞նչ տեղեկություններ ունի, Բալասանյանն ասաց.
«Եթե երրորդ նախագահն ասել է, ուրեմն ավելի ստույգ տեղեկություններ ունի. բավարարվենք նրա հայտարարությամբ»:
Բալասանյանն ընդգծել է, որ Հայաստանը եղել է միջնորդ, բանակցությունների երաշխավոր, բայց հիմա ՀՀ իշխանությունները ՀՀ-ն ներքաշել են հակամարտության մեջ: Նախորդ իշխանությունների ժամանակ ղարաբաղյան հարցում Հայաստանը երբևէ չի եղել հակամարտող կողմ:
«Իսկ տավուշյան դեպքերից հետո կարող ենք հաստատել, որ ՀՀ քաղաքական իշխանությունը Հայաստանը ներքաշել է պատերազմական իրավիճակի մեջ, որը շատ վտանգավոր է», — նշեց նա։
Նիկոլ Փաշինյանի հայտարարության առնչությամբ, ըստ որի՝ Ղարաբաղում կան դավադիր ուժեր, որոնք պատերազմի են ձգտում, Բալասանյանն ասաց.
«Ով հայտարարել է, ես համոզված եմ, որ դավադիրն ինքն է երկրի համար: Ժամանակները ցույց կտան, որ համար մեկ դավադիրն այդ հայտարարությունն անողն է»:
Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ տեղեկություններ ունի, որ ղարաբաղյան հակամարտության շփման գոտում Հայաստանի զինված ուժերի կենտրոնացում է տեղի ունենում և դա համարել է Երևանի կողմից պատերազմի նախապատրաստություն: Նա բացասաբար է գնահատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա վիճակը և կարծիք հայտնել, որ դրանք իրականում դադարել են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






