«Պատերազմում երկրորդ ու երրորդ պլան չկա։ Կա պատերազմ, որին պետք է պատրաստ լինենք՝ առաջին գծից մինչև պահեստազոր ու թիկունք: Պատերազմն ընդհանուր են հաղթում, ընդհանուր են պատերազմում». «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք աշխարհազորի ստեղծմամբ ԵԿՄ–ն երկրորդ պլան չի մղվի։
«Աշխարհազորը ԵԿՄ-ի հետ ընդհանրապես կապ էլ չունի: Աշխարհազորը լուրջ կառույց պետք է լինի, ԵԿՄ-ն հենց աշխարհազորի հիման վրա է ձևավորվել: Վազգեն Սարգսյանը տարբեր կուսակցությունների ենթակայության տակ գտնվող ջոկատները բերեց այն գաղափարին, որ մենք, բանակ չունենալով, պետք է կարողանանք հաղթել: Եվ կարողացավ, իրեն հաջողվեց»,- ասաց նա:
Նրա խոսքով` աշխարհազորը երբեք երկրապահի գործունեությանը չի խանգարի և հակառակը։ Միքայելյանը նշեց, որ կողմ է աշխարհազորի ձևավորմանը, բայց՝ մեծ քանակությամբ: Իսկ Երկրապահը կա, պատրաստի կառույց է, որը առաջին իսկ հրահանգի դեպքում 8-10 հազար մարդով դուրս կգա:
«Թող բոլորը մոռանան, որ Երկրապահի անունը կփոխվի, քանի որ դա ստեղծել է Վազգեն Սարգսյանը, դա անջնջելի է»,- ընդգծեց նա։
Հիշեցնենք՝ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի ենթակայությամբ կստեղծվի աշխարհազորային ուժերի համալիր։ Աշխարհազորի ստեղծման առաջարկով փոփոխություններ են նախատեսվում պաշտպանության և մունիցիպալ մարմինների մասին մի շարք օրենքներում։ Այն նախատեսված է Հանրապետության տարածքի, բնակչության և ենթակառուցվածքների պաշտպանության պլանավորված միջոցառումների, զինված ուժերի և այլ զորքերի կիրառման, տարածքային կառավարման և ՏԻՄ մարմինների ու տնտեսության օբյեկտների կենսագործունեության ապահովմանն աջակցելու համար: Նախատեսվում է աշխարհազորը կազմակերպել քաղաքացիների կամավորության և տարածքային սկզբունքով։ Այն կլինի զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակայությամբ գործող ստորաբաժանումների համալիր։ Աշխարհազորի համակարգը կգործի ըստ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ պայմանականորեն բաղկացած զորամիավորումներից և դրանց ենթակա բրիգադներից ու գումարտակներից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






