Խորհրդարանը քննարկեց «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: ՀՀ ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2020 թվականի փետրվարի 7-ին ստորագրված «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:
«Ծրագրի նպատակն է ֆինանսավորել ՀՀ պետական սահմանի Մեղրիի անցակետի վերակառուցումն ու արդիականացումը, որը պայմանավորված է տրված անցակետով անձանց և ապրանքներ տեղափոխող տրանսպորտային միջոցների հոսքերի տարեցտարի աճով: Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և ընդլայնման ընդհանուր ծրագրի շրջանակներում նախատեսվում է ներգրավել 10 մլն 626 հազար 263 եվրո գումար, իսկ Մեղրիի սահմանային անցակետի ծրագրի դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում՝ 10 մլն 520 հազար եվրո։ Եվս 700 հազարի չափով իրականացվելու է ֆինանսավորում՝ դրամաշնորհային միջոցներից, որը Հայաստանին կտրամադրի ԵՄ-ն՝ եվրոպական հարևանության գործիքի ներքո»,- ասաց Հովհաննիսյանը:
Մաքսակետի տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 8.7 հա: Սահմանների ինտեգրացված կառավարման միջազգային ստանդարտներին համապատասխան՝ սահմանային ացակետի գործառույթները լիարժեք ապահովելու նպատակով նախատեսվում է կառուցել երկհարկանի վարչական շենք՝ 4000 քմ կառուցապատման մակերեսով, տանիքում՝ 1500 քմ արևային էներգակայանով: Շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2020 թվականի դեկտեմբերին:
Վարկային այս համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 10,626,263 եվրո գումար:
Վարկի մարման ժամկետը 15 տարի է, որից արտոնյալը` 3 տարի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







