Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:56

Տպագիր մամուլի ուշագրավ հրապարակումները. Armenia Today-ի ընտրանին

Տպագիր մամուլի ուշագրավ հրապարակումները. Armenia Today-ի ընտրանին

«Հրապարակ» թերթը գրում է․

«Արսեն Ջուլֆալակյանին ոչ միայն չկարողացան համոզել մանդատից հրաժարվելու դիմումը հետ վերցնել, այլև նա կարծես ձեռնոց է նետում իշխանությանը։ Երեկ նա ԿԳՄՍ նախարարին ուղիղ եթեր բանավեճի հրավիրեց։

Թերթին պատմել են, որ Ջուլֆալակյանը պատգամավորներից մեկի մոտ անկեղծացել է, որ հիմա շատերն են լցված կառավարության դեմ, ասել է, որ մեկ 2018-ի ապրիլյան օրերին էին իրեն փողոցում տեսնողները ողջունում՝ դրվատելով, որ միացել է հեղափոխությանը, մեկ էլ հիմա՝ մանդատից հրաժարվելու առիթով։

Իշխող խմբակցությունում Ջուլֆալակյանից բացի այլ պատգամավորներ էլ են դժգոհ կառավարության գործելաոճից․ «Ինչ ուզում՝ անում են, խորհրդարանին էլ պարտադրում են դակել իրենց անհեթեթ որոշումները, չեն ընդունում ոչ մի դիտողություն»։ Ավելին, պատմեցին, որ Ջուլֆալակյանի հետ մի քանի պատգամավոր էլ է ցանկացել հրաժարվել մանդատից, 2-ը՝ կին, բայց վերջին պահին փոշմանել են՝ մտածելով, որ այլևս աշխատանք չեն գտնի»:

«Փաստ» թերթը գրում է.

«Վերջին շրջանում ամենալարված իրավիճակներից մեկի էպիկենտրոնը դարձել է Երևանի պետական համալսարանը, ուր մեկ տարուց ավելի է, ինչ, մեղմ ասած, «արշալույսները խաղաղ չեն»։

Թերթի տեղեկություններով՝ գործող իշխանությունները ձեռնամուխ են եղել հերթական վիրահատական միջամտությունն իրականացնել ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում։

Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանության թիրախում են հայտնվել միջազգային հարաբերությունների, իրավագիտության, մաթեմատիկայի, բանասիրական ու մի քանի այլ ֆակուլտետների դեկանները, որոնց ջրերն օրվա իշխանության և հատկապես ոլորտային նախարարության հետ «մեկ առվով չեն գնում»։

Համալսարանական մեր աղբյուրի տեղեկացմամբ, իշխանություններն իրենց տեսադաշտում արդեն ունեն գործող դեկաններին փոխարինող «սվոյ» թեկնածուներ»:

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ խորհրդարանում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցի քվեարկությունը ցույց տվեց, որ իշխող թիմում առնվազն միակարծիք չեն Հարությունյանի հարցում։

Նախարարին անվստահություն հայտնելուն դեմ քվեարկեց 83 պատգամավոր՝ ներառյալ իշխանական «գծի» մեջ երբեմն-երբեմն անկախ երևացող Արման Բաբաջանյանը։ Ովքե՞ր էին այն 6 պատգամավորը, որոնք առնվազն ձեռնպահ մնացին ԿԳՄՍ նախարարին աջակցելուց․ Արսեն Ջուլֆալակյանը, հասկանալի է՝ նիստերին չի հաճախում, իսկ, օրինակ, Կորյուն Մկրտչյանը, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանը ներկա էին, բայց չքվեարկեցին։ Սակայն «Իմ քայլում» հատկապես բուռն քննարկվում էր Սասուն Միքայելյանի և Թագուհի Թովմասյանի՝ քվեարկությանը չմասնակցելը։ Նրանք ավելի ուշ ներկայացան ԱԺ։

«Իմ քայլում» խոսում էին, որ Սասուն Միքայելյանն այդ քվեարկությունը բոյկոտելու մի քանի պատճառ ուներ, նախ որ կոտայքցի է և վրդովվել է Արայիկ Հարությունյանի՝ «մի խումբ կոտայքցիներին» ուղղված հայտարարությունից։ Երկրորդ․ Հարությունյանը վիրավորել է իր ընկեր Գագիկ Ծառուկյանին․ «Իսկ որտեղ Սասունը՝ այնտեղ էլ Թագուհին»։ Զարմանալիորեն, նիստին ներկա չէր նաև մեկ ուրիշ կոտայքցի՝ Քրիստինե Պողոսյանը»:

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ինչպես հայտնի է, ԱԺ-ն նախօրեին ընտրեց Սահմանադրական դատարանի երեք դատավորների, ինչը թուլ տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտարարել՝ «Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը վերջացել է», չնայած, որ շատ մասնագետներ պնդում են, թե նախ՝ իշխանություններն իրենք են ստեղծել իրական ճգնաժամ, և երկրորդ՝ այն, ինչ տեղի է ունենում, հակաիրավական է, ավելին՝ հակասահմանադրական է։

Ինչ վերաբերում է բուն ընտրություններին, ապա մենք առիթ ունեցել ենք նշելու, որ առանձին ուժեր շոկի մեջ են հայտնվել դրանցից, սակայն «Փաստ» թերթի տեղեկություններով, իրենց իսկ ընտրությունից ոչ պակաս շոկի մեջ են հայտնվել մի շարք «իմքայլականներ»:

Բոլորս ականատես եղանք, թե ինչպես իշխանական թիմը խորհրդարանում նախ քննադատեց, որոշ դեպքերում՝ շատ ծայրահեղական ու կոպիտ տոնայնությամբ, իսկ քննարկման հաջորդ օրը փակ գաղտնի ռեժիմով գրեթե միաձայն (1-2 վերապահումներով) ընտրեց ՍԴ դատավորի երեք թեկնածուներին։

Թերթի տեղեկություններով՝ իրադարձություններն ընթացել են անակնկալ ռեժիմով. մասնավորաբար, ՍԴ անդամների ընտրության նախօրեին երեկոյան կառավարությունում տեղի է ունեցել հանդիպում իշխանական ուժի օրենսդրական թևի պատասխանատուների հետ, և քաղաքական ղեկավարության կողմից հատուկ հանձնարարական է իջեցվել ՍԴ դատավորների քվեարկության հարցում խմբակցությունում լինել միակարծիք և կողմ քվեարկել բոլոր երեք թեկնածուներին։

Ըստ խորհրդարանական կուլիսներում պտտվող խոսակցությունների, օրենսդիրի ներկայացուցիչներին հանգամանալից բացատրվել է, որ այն, ինչ տեղի է ունենում ներկայումս, ամբողջովին ժամանակավոր երևույթ է, քանի որ առաջիկայում դատաիրավական ոլորտում տեղի են ունենալու էլ ավելի արմատական փոփոխություններ՝ ստեղծվելու է Գերագույն դատարան, և ՍԴ-ն փաստացի վերանալու է»:

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և ԱԱԽ քարտուղար Սամվել Բաբայանի փոխհարաբերությունները նոր փուլ են թևակոխել։ Մի կողմից, Հարությունյանն ընդլայնում է Բաբայանի լիազորությունները, և ԱԱԽ աշխատակազմը մոտ 10 անգամ ընդլայնվել է՝ հասնելով 56 հաստիքի՝ նախկին 3-4-ի փոխարեն, մյուս կողմից՝ Բաբայանի մարդկանց են ազատում։ Արայիկ Հարությունյանի հրամանով Աշոտ Դադայանն ազատվել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնից, մեկ այլ հրամանով նա իր մտերիմ գործարարներից մեկին՝ Սասուն Բարսեղյանին, նշանակել է այս պաշտոնում։

Նախկինը Սամվել Բաբայանի թիմից էր, նրա կուսակիցը, այս պաշտոնում նշանակվել էր 2 ամիս առաջ։ Ասում են՝ Բաբայանը նրա առաջ կանաչ լույս էր վառել՝ ով դուրդ չի գալիս, ազատիր, մարդն էլ կոտորած էր սարքել և նեղացրել Հարությունյանի մարդկանց։

ԱՀ նախագահի համբերության բաժակը լցվել է և, ինչպես Դադայանը մեզ փոխանցեց, «առանց պատճառի» իրեն ազատել է աշխատանքից։ Ճի՞շտ է, որ Դուք «կոտորած» եք արել Հարությունյանի «մարդկանց» շրջանում, ու դա է ազատման պատճառը։ «Իմ մոտ առաջնահերթությունն անաչառությունն է և հավասարության սկզբունքը, մնացածը չգիտեմ՝ ով ինչպես կմեկնաբանի»։

«Ժողովուրդ» թերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ՝ իշխանությունները սուրհանդակ են ուղարկել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մոտ: Մասնավորապես, նրան ասվել է, որ ԲՀԿ խմբակցության մի քանի պատգամավորներ պետք է հրաժարվեն իրենց պատգամավորական մանդատից, որպեսզի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և, առհասարակ, իշխանությունների միջև փոխհրաձգությունը դադարի:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները նրանցից պահանջել են առնվազն 7 պատգամավորի մանդատ. նրանց թվում են Գագիկ Ծառուկյանը, Էդուարդ Բաբայանը, Դավիթ Մանուկյանը, Վարդան Ղուկասյանը, Գևորգ Պետրոսյանը, Նաիրա Զոհրաբյանը:

Սակայն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ասել է, թե նման բան չի լինի, և իրենք էլ չեն դնի պատգամավորական մանդատները, իր հերթին էլ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասել է, որ այլ տարբերակ չկա, և խորհրդարանում պետք է լինեն մարդիկ, ովքեր գործ են անում, և պետք է լինեն քաղաքական մարդիկ, իսկ այդ պատգամավորները չեն համապատասխանում այդ կերպարին:

Ընդ որում, նշվել է, որ թեև Նաիրա Զոհրաբյանը քաղաքական կերպար է, սակայն նա էլ չի համապատասխանում ներկայիս ԱԺ պահանջներին ու նվազագույնը պետք է ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարվի։

ԲՀԿ-ն մերժել է ԱԺ նախագահի բոլոր առաջարկները։ Այս տեղեկությունների մասով մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին և Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանին: Վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, իսկ Վահան Կոստանյանն էլ հայտարարեց, թե նման բան չի եղել, և տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը»:

«Իրատես» թերթը գրում է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ի աջակցություն կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի Facebook-ի գրառումը, որն ուղղակիորեն ուղղված էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին և նրա «մութ անցյալին», վերջինը չի լինի:

Իշխանությունները, որ սեփական թիմակցին ատամներով պահելու սրբազան երդում են տվել մեկմեկու, իրենց հասցեին թթուխոսք ասողի ոչ միայն պոչը տրորելու, այլև անձնական տարածք մտնելու, «սպիտակեղենը» քչփորելու և այն հանրայնացնելու քաղաքականություն են որդեգրել:

«Իրատեսի» հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը հաստատեց` այո, դեպքեր կան, երբ վիրավորանքին վիրավորանքով պետք է պատասխանել: «Ի՞նչ ասել է՝ Արայիկ Հարությունյանն անհարիր բառապաշար է կիրառել, հետևաբար չենք մասնակցում նիստերին: Է, մի՛ մասնակցեք, որ այդպես լիներ, ապա ամեն անգամ ԲՀԿ-ի «ԱԳԿՃԿԼԳԲՏ», «երեքտառանոց» արտահայտություններից հետո պետք է լքեինք նիստերի դահլիճն ու բոյկոտեինք նիստը: Եթե ընդդիմություն են, ուրեմն կարող են ազատորեն ստել ու հերյուրանք տարածել, հա՞»,- նշեց պատգամավորը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Դեռևս հուլիսի 17-ին Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր ընտրվեց Դիանա Գալոյանը:

Հենց նույն օրը՝ զուգահեռ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն որակավորման հանձնաժողովն անվավեր ճանաչեց Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի՝ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ստորագրում այն հրամանագիրը, ըստ որի՝ Դիանա Գալոյանը կարող է ստանձնել ռեկտորի պաշտոնը, ինչպես, որ մայիսից մինչև այսօր ՀՀ վարչապետը չի ստորագրում ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականի դիմումը:

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ վարչապետը, կարծես թե, այս ամենի վերաբերյալ այլ որոշում ունի, ինչի համար էլ դեռևս այդ հարցերը թողնում է օդում կախված:

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Սահմանադրական դատարանի շուրջ առաջիկայում կարող են ուշագրավ զարգացումներ տեղի ունենալ: Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանի երեք նոր անդամների ընտրությունից հետո այժմ դատարանի կազմն ամբողջական է, և առաջիկայում պետք է դատավորները նիստ անեն, իրենց միջից ընտրեն Սահմանադրական դատարանի նախագահ և վերադառնան բնականոն աշխատանքի:

Թերթի տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի մյուս անդամներն այնքան էլ կողմ չեն Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը և իրենց ծրագիրն են մշակել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին ներքին քննարկումներ են եղել ՍԴ անդամ հնաբնակների միջև, և առաջարկ է հնչել, որ, որպես ՍԴ նախագահի թեկնածու, առաջադրվի նաև Արման Դիլանյանը:

Ավելին, անձամբ Վահե Գրիգորյանն է ասել, որ ամեն ինչ կանի, որ հենց Դիլանյանը ընտրվի Սահմանադրական դատարանի նախագահ, ոչ թե Խունդկարյանը, քանի որ հասկացել է, որ ոչ մի դեպքում ինքը չի կարողանա դառնալ ՍԴ նախագահ։ Իսկ ո՞ր դեպքում նրանց ծրագիրը կարող է աշխատել:

Այսպիսով, երկու թեկնածուի առաջադրման պարագայում ՍԴ նախագահ դառնալու համար թեկնածուն պետք է ստանա 6 ձայն: ՍԴ-ն ունի 9 թեկնածու, և եթե, բացառությամբ նորընտիր անդամների, մյուսները կողմ քվեարկեն Դիլանյանին, ապա այս ծրագիրը կաշխատի:

«Հրապարակ» թերթը գրում է.

«Օրեր առաջ մի շարք ավիաընկերություններ հայտարարեցին, որ վերսկսում են դեպի Հայաստան իրականացվող կանոնավոր չվերթները, չնայած բիզնեսի համար ոչ բարենպաստ իրավիճակին: Սակայն հետաքրքիրն այն է, որ այդ ցուցակում չկա իշխանությունների սիրելի Ryanair-ը։ Մեր տեղեկություններով, այս ավիաընկերությունը չի պատրաստվում վերսկսել թռիչքները, քանի դեռ շուկան գտնվում է պասիվ վիճակում։

Այսինքն՝ թռչում է բացառապես այն ժամանակ, երբ գերշահույթ է ստանում, հիմա չի ուզում ռիսկային չվերթներ իրականացնել։ Ավելին, մեր տեղեկություններով, Ryanair-ը մեծ քանակի տոմսեր է վաճառել, սակայն ո՛չ թռիչքներ է իրականացրել, ո՛չ էլ տոմսերն է վերադարձնում խաբված ուղևորներին»:

«Փաստ» թերթը գրում է.

«Փաստ» թերթը տարբեր դպրոցներից ու ծնողներից դժգոհություններ է ստանում, որ առ այսօր անորոշ է աշակերտների՝ դպրոց գնալու գրաֆիկի հարցը այն դպրոցներում, որտեղ ոչ թե երկհերթի են անցել, այլ եռօրյայի: Այսինքն, երկու խմբի բաժանված դասարանների մի խումբը դասի է գնում: Սակայն այս օրերին դպրոցներում տեղեկություններ էին տարածվում, որ ԿԳՄՍ նախարարությունը առաջարկել է ամեն շաբաթ նշյալ հերթագայությունը փոխել:

Անհանգստությունն այն է, որ այդպես փոխելու դեպքում աշակերտը մի շաբաթ կհանգստանա միայն մեկ օր (կիրակի), մյուս շաբաթ՝ չորս օր (շաբաթ, կիրակի, երկուշաբթի): Հարցի հետ կապված պարզաբանում ստանալու նպատակով «Փաստը» դիմեց ԿԳՄՍ հանրակրթության վարչություն, որտեղից պատասխանեցին հետևյալը. «Ուղեցույցի մեջ հստակ, շատ մանրակրկիտ ներկայացված է: Դպրոցների հետ կապի մեջ ենք, այս հարցի հետ կապված մենք խնդիր չունենք»:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+