«Դիտեցի ԿԳՄՍ նախարարի երեկվա մամլո ասուլիսի՝ մանդատս վայր դնելու հարցին վերաբերող հատվածը․․․
Որոշել եմ հրավիրել նրան ուղիղ եթերում բանավեճի, որպեսզի մեկընդմիշտ փակենք այս թեման և այն չվերածվի քաղաքական շոուի. հուսամ՝ կգա»,- այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության օրերս մանդատը վայր դրած պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը։
«Հանրությունը, իշխող քաղաքական թիմը, նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների մասնագիտական համայնքները պետք է լսեն իրականությունը։
Շատ կուզենամ բանավեճի ընթացքում կրկնի իմ մասով երեկվա արտաբերած մտքերը։ Միգուցե հիշողությունն է կարճ, բայց առնվազն պետք է տեղյակ լիներ, որ գոյություն ունեն դիմում/փաստաթղթեր, ելույթներ, տեսաձայնագրություններ և այլն։
Վստահ եմ, դրանից հետո դժվար գտնվեն մարդիկ, ովքեր կմեղադրեն ինձ չպայքարելու կամ ոչ բավարար պայքարելու մեջ․․․
Ես չէի ուզում, նա ստիպեց»,- գրել է Ջուլֆալակյանը՝ նշելով, որ նախընտրում է բանավեճն անցկացնել որոշ ժամանակ անց, որպեսզի այն չկապվի տվյալ նախարարին վերաբերող քաղաքական այլ ուժերի և շրջանակների կողմից նախաձեռնած գործընթացների հետ։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 9-ին, «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը հայտնել էր, որ վայր է դնում պատգամավորական մանդատը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ սկզբունքային անհամաձայնությունների պատճառով:
Իր հերթին Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ Արսեն Ջուլֆալակյանը կարող էր բարձրացնել իրեն մտահոգող հարցերը և հնարավոր է, որ դրանք ընդունվեին։ Նախարարի խոսքով՝ Ջուլֆալակյանի հետ քննարկում չեն ունցել, այդ հարցերը չեն բարձրացվել իր հետ քննարկումներում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






