ԱԺ-ում քննարկվեց «Պետական ոչ առևտրային կազմակերպություների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը, Լիլիթ Մակունցը և Հերիքնազ Տիգրանյանը:
Նախագծի համահեղինակ Վարազդատ Կարապետյանը նշեց, որ այս նախագիծն առնչվում է ՊՈԱԿ-ների տնօրենների ընտրության ընթացակարգերին: Նախագծի արդյունքում ՊՈԱԿ-ի ղեկավարի մրցույթի բանավոր հատվածի բովանդակային փոփոխություն է նախատեսվում: Հիմա թեկնածուն պետք է ներկայացնի տվյալ կառույցի համար կազմած իր հայեցակարգը:
«Սա հնարավորություն է ՊՈԱԿ-ներում ներգրավելու մասնագետների»,- օրինագծի քննարկմանը հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և հավելեց, որ ՊՈԱԿ-ների մասին օրենքում փոփոխություններ կատարելու զգացողությունն առաջացել է կառավարությունում աշխատելու ժամանակ:
Նրա խոսքով` փոփոխությամբ բարձրանում է կառավարման որակական նշաձողը: Մակունցը բոլորի ուշադրությունը հրավիրեց կարևորագույն երկու կետերի վրա՝ նախկինում, եթե չկար մասնագիտական ստաժի անհրաժեշտությունը, այժմ կա՝ նվազեցված շեմով՝ 2 տարի։ Ըստ Մակունցի՝ սա հնարավորություն կտա նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններում նոր, թարմ ուժ մտցնելու և լավ մասնագետներին ներգրավվելու պետության ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման գործում։ Կարևոր է նաև հայեցակարգերի և տեսլականների ներկայացումը, չկար հարցազրույցի բաղադրիչը, այժմ կա, նկատեց «Իմ քայլի» ղեկավարը։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը նշեց, որ կթողնեն «դիտավորյալ հանցագործությունների համար նախկինում դատված անձը չի կարող դառնալ ՊՈԱԿ-ի տնօրեն» ձևակերպումը։
Պատգամավորը նշել էր, որ իրենք դեմ չեն օրենքի բարելավվմանը, բայց հարցեր կան. օրինակ, անզգուշությամբ դատված քաղաքացին ամբողջապես զրկվո՞ւմ է տնօրենների մրցույթին մասնակցելու շանսից, և արդյո՞ք հանձնաժողովներն են շարունակելու որոշում ընդունել, թե՞ համակարգչային քննություն է լինելու՝ ՊՈԱԿ-ի տնօրենի ընտրության համար։
Ինչ վերաբերում է հանձնաժողովներին, ապա Վարազդատ Կարապետյանն ասաց, որ գրավոր քննությունը միանշանակ պետք է լինի համակարգչային, բայց բանավոր քննությունը ևս շատ կարևոր է, և այդ դեպքում պետք է մարդուն անպայման լսել.
«Չենք կարող ամեն ինչ սարքել մեխանիկական, և թողնել, որ արհեստական բանականությունը որոշի, թե ով կդառնա այս կամ այն ՊՈԱԿ-ի տնօրեն։ Մենք պետք է հանձնաժողովներում ներառենք հեղինակավոր մարդկանց, որպեսզի նրանք ճիշտ ընտրություն կատարեն»։
ԲՀ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի դիտարկմանը, որ կոմպետենտ անձինք պետք է լինեն հանձնաժողովներում, Կարապետյանը նշեց, որ խորհրդարանը պետք է օգնի Կառավարությանը՝ ներկայացուցչական հանձնաժողովներ մշակելու հարցում՝ վստահություն հայտնելով, որ կունենանք կոմպետենտ հանձնաժողովներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






