«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը համարում եմ կառուցողական։ Հայտարարությունը բանակցային գործընթացը վերականգնելու կամ շարունակելու մեր պատկերացումներին համապատասխանում է»։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախյան հարցի կարգավորման գործընթացի առկա վիճակին։
Նա նշեց, որ հայկական կողմը բանակցային գործընթացում ունի սկզբունքներ։
«Արձանագրել ենք այդ սկզբունքները, բայց և ասել ենք, որ այդ սկզբունքները չենք համարում նախապայման, որ՝ այ, մինչև այս հարցերը չլուծվեն, մենք չենք բանակցի, որովհետև եթե բոլոր հարցերը լուծվել են, էլ բանակցելու կարիք չկա»,- հավելեց նա՝ ընդգծելով, որ բանակցությունները հարցերը լուծելու նպատակ ունեն, ոչ թե պետք է մեկնարկի հարցերը լուծելուց հետո։
Փաշինյանն ասաց, որ նախապայման ունի Ադրբեջանը, ով ասում է, որ Արցախը պետք է լինի բացառապես Ադրբեջանի մաս։
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ միջազգային հանրության դիրքորոշումը շատ հստակ է։ Այն է՝ Արցախի հարցն ունի բացառապես խաղաղ բանակցային լուծում, իսկ հուլիսյան մարտերից առաջ Ադրբեջանից լսում էինք ռազմատենչ ու ռազմաշունչ հայտարարություններ, որոնք ընդհանրապես համահունչ չէին բանակցային տրամաբանությանը:
«Հուլիսյան մարտերը փոխեցին հետևյալ տրամաբանությունը՝ մենք ասում էինք, որ Հայաստանի և Արցախ հետ չի կարելի խոսել ուժի լեզվով, Արդբեջանն ասում էր, որ իրենք 24 ժամվա ընթացքում ուժով կլուծեն Ղարաբաղի հարցը։ Պարզվեց՝ Ադրբեջանը սխալ էր, մենք ճիշտ էինք»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) սեպտեմբերի 14-ին Փարիզում ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացրել, որին ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (PRCiO) Անջեյ Կասպրշիկը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ համանախագահները վերանայել են իրավիճակը տարածաշրջանում` մասնավորապես կենտրոնանալով Հայաստան-Ադրբեջան սահմանին հուլիսի կեսերին բռնի սրացումից հետո նոր զարգացումների վրա: Համանախագահները մանրակրկիտ քննարկել և գնահատել են կողմերի մասնավոր և հանրային հաղորդագրություններն ու մտահոգությունները: Կասպրշիկը համանախագահներին ներկայացրել է տեղում անվտանգության իրավիճակը։ Համանախագահները ողջունել են նրա կոնկրետ նախապատրաստությունները՝ դիտորդական գործունեության վերսկսման համար:
Համանախագահները հեռախոսով առանձին զրույցներ են ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ և առաջարկել նախարարներին առաջիկա շաբաթներին անձամբ հանդիպել համանախագահների հետ` իրենց դիրքորոշումներն ավելի հստակեցնելու համար` առանց նախապայմանների լուրջ բովանդակային բանակցությունները վերսկսելու նպատակով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






