«Ես զարմացած եմ․ այս հարցապնդումը պատմության մեջ մտնելու է՝ ինչպե՞ս ներկայացնել հարցապնդում՝ առանց հարցերի: Սա ավելի նման էր շարադրության՝ «Ինչպես ես անցկացրի իմ ամառային արձակուրդները» թեմայով: Որևէ լուրջ բան չեմ լսել: Ես վստահեցնում եմ՝ եթե ներկա գտնվեք մեր քննարկումներին, իրար ավելի շատ ենք քննադատում և լուրջ հարցեր ենք բարձրացնում»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին, որ ներկայացրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:
«Ո՞ւր են եկեղեցու պատմության հետ կապված հարցերը, ո՞ւր են կանացի զգեստներով ուսուցիչները, որ մեր երեխաներին այլասերություն են սովորեցնում, ո՞ւր են այդ հարցապնդումները: Ո՞ւր են մնացած հարցերը, որ որպես ալիք օգտագործելով՝ բերեցիք այստեղ ու պարզապես ձախողեցիք ձեր հարցապնդումը»,- հարցրեց Սիմոնյանը:
ԱԺ փոխնախագահը վկայակոչելով ԼՀ խմբակցության ղեկավարի խոսքերը, այն է՝ 80 պատգամավոր եք չեք կարողանում լրատվական դաշտում բան փոխել, նշեց, որ 17 պատգամավոր եք չեք կարողանում 17 մարդ ԱԺ դիմաց բերել, որ այս հարցապնդումը պաշտպանի։
«Չի՛ կարելի անպատրաստի գնալ եթերներ, հետո բողոքել հաղորդավարներից, չի՛ կարելի հանպատրաստի գալ ԱԺ, հետո ասել Դուք լավ չեք, չեք կարողանում մարդկանց հետ շփվել, է դուք շատ եք կարողանում շփվել։ Ցավում եմ, այս քննարկումը, որ գուցե կարող էր շատ լուրջ հարցերի հետ կապված ինչ-որ բան փոխել, նման ֆեյլի (ձախողման) վերածվեց»,- ասաց Սիմոնյանը:
Նշենք, որ մինչ Ազգային ժողովի լիագումար նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով պաստառներ են ներս բերում, կառվարությանը հարցարդումներ ուղղում, ԼՀԿ համակաիրներն ու նրանց կուսակիցները «Հանուն լուսավոր կրթության» խորագրով բողոքի ակցիա են անում Ազգային ժողովի դիմաց՝ ի աջակցություն թիմակիցների։
Թե օրենսդիրում ներկայացված ԼՀԿ-ականները, և թե ակցիայի մասնակիցները մեկ հստակ պահանջ ունեն՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարական։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






