Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պահանջում են տրամադրել «Մարտի 1»-ի մայր գործի նյութերն ամբողջական ծավալով։ Այս մասին այսօր կայացած դատական նիստից հետո հայտնել են պաշտպանական թիմից։
Նշվում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կրկին միջնորդել է, որ դատարանը պահանջի քննիչից տրամադրել «Մարտի 1»-ի մայր գործի նյութերը ամբողջական ծավալով, որն առկա է 2008 թվականի մարտից մինչ այս պահը։ «600 հատոր կազմող գործից անջատված մասով փաստաբաններին տրամադրվել է ընդամենը 79 հատոր»,-ասվում է հայտարարության մեջ։
Ըստ փաստաբանների՝ դեռևս 2019 ապրիլին պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդել է գործի նյութերն ամբողջությամբ տրամադրել, սակայն քննիչը մերժել է, պատճառաբանելով, որ պաշտպանական կողմին Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող արարքները ապացուցող բոլոր փաստաթղթերը ներկայացվել են։
Ըստ Խուդոյանի՝ քննիչը ընտրել է միայն այն հատորները, որտեղ կան նյութեր, որոնք կարող են օգտագործվել Ռ․ Քոչարյանի դեմ, ինչը քննիչը չի էլ թաքցրել։ Մինչդեռ գործի նյութերում կան բազմաթիվ ցուցմունքներ և ապացույցներ, որոնցով սույն գործով անցնող անձանց առաջադրված մեղադրանքը կարող է հերքվել, և նրանք կարող են արդարացվել։ «Օրինակ, գործում կան ապացույցներ և փաստական տվյալներ, որ 2008 թ․ մարտի 1-2-ին կազմակերպված հանրահավաքները խաղաղ չեն եղել։ Չտրամադրված նյութերի մեջ կան նաև կարևոր տեղեկություններ Երկրապահ կամավորական միության այդ օրերի գործունեության վերաբերյալ, որոնք և պատճառ են դարձել, որ Ռ․ Քոչարյանը 2008 թ․ փետրվարի 23-ին խորհրդակցություն հրավիրի։ Պաշտպաններին տրամադրված գործերի մեջ առկա է ընդամենը ԱԱԾ-ի երեք տեղեկանք այն մասին, թե ինչ էր կատարվում ԵԿՄ-ում»,-հայտնում են պաշտպանական թիմից։
Պաշտպան Խուդոյանի խոսքով, առանց ամբողջական նյութերի տրամադրման անհնար է արդյունավետ պաշտպանություն կազմակերպել և, որ ամենակարևորն է, խախտվում է դատավարական կողմերի մրցակցության սկզբունքը։ Նշվում է, որ Հ․ Խուդոյանը դատարանին է ներկայացրել մի քանի օրինակ Վճռաբեկ դատարանի և ՄԻԵԴ պրակտիկայից, ընդգծելով, որ գործի ամբողջական նյութերի տրամադրման մերժումը խախտում է կողմերի մրցակցության սկզբունքը և Քրեական դատավարության օրենսգրքի պահանջները։
Նմանատիպ միջնորդություն են ներկայացրել նաև Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։ Միջնորդությանը միացել են Ռոբերտ Քոչարյանի մյուս փաստաբանները, ինչպես նաև Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի պաշտպանները։
Մեղադրող կողմն իր կարծիքը կներկայացնի հաջորդ դատական նիստին, որը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին, ժամը 13։00-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







