«Իմ քայլը» խմակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը COVID-19 համավարակի դեմ պայքարը քննող հանձնաժողովի ստեղծման գործում քաղաքական միտում է տեսնում, թեև քողարկված։
«Դուք տպավորություն եք ստեղծում, թե իշխանությունը շատ քիչ բան է արել և հիմնական գործողությունն կատարողը և խորհուրդ տվողը դուք եք եղել», — դիմելով ընդդիմությանը նշեց նա։
Վաղարշակ Հակոբյանի խոսքով՝ հարցին, թե բազմաթիվ գործընկերների դիտարկմանը, թե ինչ կլինի, եթե ստեղծվի քննիչ հանձնաժողով, պատասխանն այն է, որ ոչինչ էլ չլինի, եթե այդտեղ չլինի քաղաքական միտում։ Ըստ նրա՝ եթե քննիչ հանձնաժողով սկսի գործել և հաստատեն կազմը, իսկապես պետք է աշխատեն խնդրահարույց հարցերի պարզաբանման շուրջ:
«Լրջագույն կասկած ունեմ, որ այս քննիչ- հանձնաժողովի հետ կապված ամբողջ պատմությունը ոչ թե նրա համար է, որ իսկապես ուսումնասիրություն արվի կամ արդարությունը, ճիշտ բաները վեր հանվի և ժողովրդին ներկայացվի է, այլ քաղաքական է»,-ասաց նա և նշեց, որ կարծում է, որ շատ զգույշ պետք է լինել նմանատիպ քննարկումների հարցում:
Նշենք, որ ՀՀ ԱԺ պատգամավորների առնվազն մեկ քառորդի պահանջով նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու և նրա դեմ պայքարի հետևանքների մեղմման կամ հետևանքների վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ընթացքում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով։ Հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է ԱԺ որոշմամբ: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ նախաձեռնողներն առաջարկում են, որ հանձնաժողովն ունենա 12 անդամ։ Այսինքն՝ 7 անդամ իշխող «Իմ քայլը» խմբակցությունից, 3 անդամ՝ ԲՀԿ-ից, 2 անդամ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






