Ազգային ժողովում նիստին զուգահեռ մեկնարկել է ՍԴ դատավորների քվեարկությունը: Ընտրությունը կատարվում է փակ, գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-ով: Պատգամավորներին տրվել է քվեարկվող թեկնածուներից յուրաքանչյուրի համար առանձին քվեաթերթիկ, որում նշված է թեկնածուի անունը: Քվեարկությունը մեկնարկել է ժամը 10:10-ին և կտևի մինչև 10:40:
ՍԴ երեք դատավորների թափուր տեղի համար իրենց թեկնածուներին առաջադրել են Կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը: Դատավորների ընդհանուր ժողովի առաջադրած թեկնածուն է Երվանդ Խունդկարյանը, ՀՀ նախագահի առաջադրած թեկնածուն՝ Արթուր Վաղարշյանը, Կառավարությանը՝ Էդգար Շաթիրյանը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները երեկ կայացած նիստում հայտարարել են, որ չեն մասնակցելու քվեարկությանը:
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում քննարկվում է ՍԴ երեք անդամի ընտրության հարցը։ Ազգային ժողովը հունիսի 22-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին՝ իմքայլականների ներկայացրած նախագիծը: Օրինագիծն առաջարկում է դադարեցնել ՍԴ այն անդամների լիազորությունը, որոնք պաշտոնավարում են 12 տարուց ավելի։ Իսկ ավելի պակաս պաշտոնավարածները կպաշտոնավարեն մինչև 12 տարին լրանալը: Այսպիսով, բոլոր դատավորների կարգավիճակը կհավասարեցվի: Այս օրինագծի` ուժի մտնելու պահից ՍԴ նախագահի պաշտոնավարումը կդադարեցվի: ՍԴ նախագահի ընտրությունը՝ վեց տարի ժամկետով, տեղի կունենա, երբ օրինագծի ընդունումից հետո թափուր դատավորների տեղերը կհամալրվեն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






