ԱԺ-ում պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց, թե կառավարության կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրված Էդգար Շաթիրյանն իր կամազուրկ չեզոքությամբ ծառայել է նախորդ իշխանություններին։
Ի պատասխան՝ Էդգար Շաթիրյանն ասաց․ «Երբվանի՞ց դարձաք ազգի փրկիչ, ես էլ դարձա ազգակործան էլեմենտ։ Ո՞վ է ձեզ բարոյական իրավունք տվել այդչափ կտրուկ և վիրավորական գնահատականներ հնչեցնել բարոյական նկարագրիս վերաբերյալ։ Մի ձեր անցած ուղին նայեք. մտորելու շատ տեղ ունեք։ Չգիտեմ՝ ձեր աղբյուրները ձեզ ինչ են փոխանցել, ինչ են շշնջացել ձեր ականջներին՝ իմ գույքային դրության հետ կապված ձեր դատողությունները անհեթեթությունների ժանրից են»,- նկատեց նա։
Շաթիրյանն ասաց, որ գույք ու եկամուտ չի թաքցրել. ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող մեկ բնակարան՝ Ամիրյան փողոցում, վերջին շրջանում ապրում է վարձով՝ ոչ այն պատճառով, որ չունի ֆինանսական միջոցներ բնակարան ձեռք բերելու համար։
«Ես շատ ցավում եմ, պարոն Բաբաջանյան, որ դուք դարձել եք իմ դեմ սանձազերծված այս կեղտոտ խաղի սանձազերծողը, եթե ոչ՝ կազմակերպիչը»,- հավելեց Շաթիրյանը։
Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում քննարկվում է ՍԴ երեք անդամի ընտրության հարցը։ Ազգային ժողովը հունիսի 22-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին՝ իմքայլականների ներկայացրած նախագիծը: Օրինագիծն առաջարկում է դադարեցնել ՍԴ այն անդամների լիազորությունը, որոնք պաշտոնավարում են 12 տարուց ավելի։ Իսկ ավելի պակաս պաշտոնավարածները կպաշտոնավարեն մինչև 12 տարին լրանալը: Այսպիսով, բոլոր դատավորների կարգավիճակը կհավասարեցվի: Այս օրինագծի` ուժի մտնելու պահից ՍԴ նախագահի պաշտոնավարումը կդադարեցվի: ՍԴ նախագահի ընտրությունը՝ վեց տարի ժամկետով, տեղի կունենա, երբ օրինագծի ընդունումից հետո թափուր դատավորների տեղերը կհամալրվեն։ ՍԴ երեք դատավորների թափուր տեղի համար իրենց թեկնածուներին առաջադրել են կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը: ՀՀ կառավարության թեկնածուն է Էդգար Շաթիրյանը, ՀՀ նախագահինը՝ Արթուր Վաղարշյանը, Դատավորների ընդհանուր ժողովինը՝ Երվանդ Խունդկարյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






