Իշխանությունը տարեսկզբին կատակ չէր անում, երբ հայտարարում էր, որ չի ուզում իր սիրելի դատավորներով Սահմանադրական դատարան։Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության անունից ելույթում ասաց Ռուբեն Ռուբինյանը:
Նրա խոսքով՝ տպավորություն է, թե քննարկում են ոչ թե թեկնածուին, այլ դատական համակարգի փոփոխությունների փիլիսոփայությունը: Ըստ Ռուբինյանի՝ խորհրդարանում այսօր կա երեք փիլիսոփայություն: Առաջին փիլիսոփայությունը, Ռուբինյանի կարծիքով, կրում են «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները՝ ոչինչ չանել:
«Երկրորդ փիլիսոփայությունը, որը կրում է Արման Բաբաջանյանը և դահլիճից դուրս այլ գործիչներ, անելն է այնպես, որ նոր ՍԴ-ն կամ նոր դատական համակարգը լինի մեր սիրելին: Ես վստահ եմ, որ եթե այսօրվա թեկնածուների և, մասնավորապես, Երվանդ Խունդկարյանի փոխարեն լիներ մեզ կամ Ձեզ, պարոն Բաբաջանյան, հաճելի քաղաքական հայացքներով անձ, դուք ուրախ կլինեիք: Բայց խնդիրը հետևյալն է՝ երբ մենք այս տարվա սկզբին հայտարարում էինք, որ չենք ուզում խամաճիկային Սահմանադրական դատարան, մեր սիրելի դատավորներով ՍԴ, մենք կատակ չէինք անում: Նոր ՍԴ ունենալն արդեն մեզ հաճելի քաղաքականացված անձանցով նույնն է, ինչ նախկինում էր, ուղղակի՝ հակառակ ուղղությամբ»,- ասաց Ռուբինյանը՝ հավելելով, որ թավշյա հեղափոխության ամենակարևոր արժեքներից մեկը համերաշխությունն էր և բոլորին հեղափոխության արդյունքում ստեղծված հնարավորություններով նոր Հայաստանի կառուցմանը մասնակցելու հնարավորություն տալը:
Հիշեցնենք՝ Ազգային ժողովը հունիսի 22-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին՝ իմքայլականների ներկայացրած նախագիծը: Օրինագիծն առաջարկում է դադարեցնել ՍԴ այն անդամների լիազորությունը, որոնք պաշտոնավարում են 12 տարուց ավելի։ Իսկ ավելի պակաս պաշտոնավարածները կպաշտոնավարեն մինչև 12 տարին լրանալը: Այսպիսով, բոլոր դատավորների կարգավիճակը կհավասարեցվի: Այս օրինագծի` ուժի մտնելու պահից ՍԴ նախագահի պաշտոնավարումը կդադարեցվի: ՍԴ նախագահի ընտրությունը՝ վեց տարի ժամկետով, տեղի կունենա, երբ օրինագծի ընդունումից հետո թափուր դատավորների տեղերը կհամալրվեն։ ՍԴ երեք դատավորների թափուր տեղի համար իրենց թեկնածուներին առաջադրել են կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը: Կառավարության թեկնածուն է Էդգար Շաթիրյանը, ՀՀ նախագահինը՝ Արթուր Վաղարշյանը, Դատավորների ընդհանուր ժողովինը՝ Երվանդ Խուդկարյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






