ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Սահմանադրական դատարանի դատավորների քվեարկությանը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց ԼՀ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
«Հակաիրավական գործընթացը, որն այս դահլիճում տեղի է ունեցել Սահմանադրության փոփոխության համատեքստում շարունակվում է, և այս ընտրությունը այդ գործընթացի հետևանքն է»,- նշեց Սիմոնյանը։ Պատգամավորի խոսքով՝ որքան էլ ցանկություն ունենա քվեարկել իր դասախոսի կամ մյուս թեկնածուների օգտին, դրա հնարավորությունը չունի, քանի որ իշխող խմբակցությունը նախաձեռնել է հակաիրավական գործընթաց, իսկ Սահմանադրությունը ամենակարևոր արժեքն է իրավական բնագավառում։
Ի տարբերություն հնչող քննադատությունների, թե իշխանությունը պրոֆեսիոնալ չէ, Սիմոնյանը հակադարձեց՝ նշելով, որ իշխանական թիմը շատ պրոֆեսիոնալ է՝ «չեղած տեղը խնդիրներ ստեղծելու և դրանք քաջաբար հաղթահարելու առումով կամ եղած խնդիրներն այնքան բարդացնելու առումով, որ հնարավոր չլինի լուծումներ գտնել»։
«Չկա մի դատական ատյան որտեղ չլինեն օբյեկտիվ և սուբյեկտիվ հարյուրավոր խնդիրներ։ Փոխարեն զբաղվենք այս խնդիրներով, առավել խորացնում ենք այն մի հատ էլ հակասահմանադրական գործընթաց կազմակերպելով՝ երկրի Մայր օրենքը Սահմանադրության խախտմամբ փոփոխելով և դրա հիման վրա իբր բարեփոխումները շարունակելով։ Եթե ծառի արմատի մեջ թույն եք սրսկում, այն հնարավորություն չունի լավ պտուղներ տալ։ Մենք պետք է զբաղվեինք այդ ծառը մշակելով, բայց զբաղվում ենք արդեն թունավորված ծառի պտուղները գեղեցիկ ներկայացնելով։ Չի՛ ստացվի»,- նշեց նա։
Սիմոնյանի խոսքով՝ մինչև բոլոր գործընթացները իրավական ճանապարհով չկազմակերպվեն, խնդիրները չեն լուծվի, ինչքան էլ հետապնդվող նպատակները վեհ լինեն։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ևս հայտարարել էր, որ չի մասնակցի Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







